Շավարշ Քոչարյան. Ադրբեջանը ԼՂՀ անկախությունը ճանաչել է դեռևս 1994-ին
Իլհամ Ալիևի հայտարարությունները վկայում են, որ Ադբեջանը պատաստ չէ հակամարտության կարգավորման ուղղությամբ կառուցողական երկխոսության: Այսօր հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը` արձագանքելով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքին:
Հիշեցնենք, որ երեկ Իլհամ Ալիևը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կրկնելով, թե իրենք որոշ վերապահումներով համաձայնություն են տվել նորացված մադրիդյան սկբունքներին, միաժամանակ ասել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հիմնական մասն ավարտվել է, և Ադրբեջանին հաջողվել է չզիջել իր դիրքերը:
Մեկնաբանելով այս հայտարարությունները` Շավարշ Քոչարյանը մասնավորապես ասաց. «Պարոն Ալիևը չկայացած երկխոսության մասին հերթական մենախոսությամբ է հանդես եկել: Այդ մենախոսության համաձայն Ադրբեջանը սկզբունքորեն ավարտել է ինքն իր հետ վարած բանակցությունները և այն ինչի հասել է հիմնականում համապատասխանում է Ադրբեջանի շահերին: Ճիշտ է` որոշ բացառություններով. ամենայն հավանակությամբ ինքն իր հետ էլ չի կարողանում պայմանավորվել:
Ժառանգությամբ ստացված իշխանության անփոխարինելիության սահմանադրական ամրագրումից հետո, նախագահ Ալիևը իրեն իրավունք է վերապահել խոսել ժամանակի, միջազգային իրավունքի, միջնորդների, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անունից»:
Արձագանքելով Իլհամ Ալիևի այն պնդմանը, թե իբր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն Ադրբեջանից դուրս բացարձակապես անընդունելի է, Շավարշ Քոչարյանն ասաց. «Բաքուն ձև է անում, թե չի հասկանում Լեռնային Ղարաբաղի անկախության այլընտրանքի բացակայությունը` ոչ հիմա, ոչ հարյուր տարի անց, կամ էլ երբևէ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգային իրավունքի նորմերին լիովին համապատասխան կայացած պետություն է, որը կարողացել է դիմագրավել Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությանը և ագրեսիային: Ադրբեջանը` ստիպված լինելով զինադադար ստորագրել ԼՂՀ հետ, նրա անկախությունը ճանաչել է դեռևս 1994 թ.»:
Ամփոփելով ասելիքը` Շավարշ Քոչարյանն ընդգծեց. «Նախագահ Ալիևի հայտարարությունները հակամարտության կարգավորման ուղղությամբ կառուցողական երկխոսությանը անպատրաստ լինելու վառ ապացույց են: Ադրբեջանում շարունակում են փչել պատրանքների փուչիկը, որն առաջացել է նավթային ասեղի վրա նստելուց ու հակամարտության էության և բանակցությունների ընթացքի վերաբերյալ անվերջ խեղաթյուրումներից: Չեն դադարում ռազմատենչ հայտարարությունները, որոնք ուղղված են հերթական անգամ նույն փոցխին կանգնելուն: Ադրբեջանը հնարավորություն ունի դուրս բերել զորքերը ԼՂՀ-ի օկուպացված տարածքներից և սկսել ԼՂՀ հետ բանակցությունները մինչև պատրանքների, խեղաթյուրումների ու ինքնահավան կերպով սուր ճոճելու փուչիկը կպայթի»:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով և լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի և զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ`2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:
Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993թ. 4 բանաձևերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը և կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան