Թուրք ընդդիմադիրներն առաջարկել են մեջլիսում քննարկել արձանագրությունների հարցը
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ - CHP) կուսակցության պատգամավորներ Սուհա Օքթայը, Քեմալ Քըլըչդարօղլուն և Քեմալ Անադոլուն մի առաջարկ են ներկայացրել Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ - TBMM) նախագահությանը:
Ըստ թուրքական «Զաման» (Zaman) թերթի` ժողովրդահանրապետականներն առաջարկել են Ցեղասպանության միջազգային արշավին դիմակայելու մարտավարության և Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունների վերաբերյալ հարցերը քննարկելու համար մեջլիսում լիագումար նիստ գումարել:
Ներկայացված առաջարկում հիշեցվում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Շվեդիայի խորհրդարանի ընդունած Ցեղասպանության բանաձևերի մասին:
Այդ և նման զարգացումների ընթացքը դադարեցնելու համար ընդդիմադիր մեջլիսականները կոչ են անում մեկտեղվել և նոր մարտավարություն մշակել, տարբերակներ քննարկել: Ժողովրդահանրապետականների համոզմամբ` մեջլիսում արձանագրությունների սառեցված վիճակը նպաստում է, որպեսզի թուրքական պետության վրա այդ ուղղությամբ գործադրվող ճնշումները շարունակվեն:
Այդուամենայնիվ, «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը բացասական դիրքորոշում ունի արձանագրությունների վավերացման վերաբերյալ` համարելով, որ այդ փաստաթղթերը բնավ չեն բխում Անկարայի շահերից: