Ա. Սաղաթելյան. Ի վերջո սա չի վերաբերում միայն թերթերին, սա համընդհանուր պատասխանատվության խնդիր է
«Այս գործընթացը թելադրված է մեր օրենսդրության բարեփոխումներով, Եվրոպական կառույցներին Հայաստանի անդամակցությամբ, նման օրենքներ կան ողջ աշխարհում, այն օրվա հրամայական է, և անհրաժեշտ էր դեռ մի քանի տարի առաջ»: Այսօր` տեղեկատվական անվտանգության խնդիրները թեմայով ասուլիսում` խոսելով ԱԺ առաջին ընթերցմամբ ընդունված մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծի մասին, նման տեսակետ հայտնեց ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն, տեղեկատվության անվտանգության փորձագետ Արա Սաղաթելյանը:
Նշենք, որ դատաիրավական համակարգին վերաբերող մի շարք օրենքներում կատարվել է փոփոխություն, որոնցով նախատեսվում է զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ հոդվածները քրեաիրավական հարթությունից տեղափոխել քաղաքացիաիրավական հարթություն:
«Այս գործընթացի իմպերատիվն է, որ հավասարակշռություն լինի անձի արաժանապտվության և խոսքի ազատության միջև, որոնք Սահմանդրությամբ երաշխավորված են»,-ասաց փորձագետը:
Անդրադառանալով փոփոխված օրենքների պարագայում դատական համակարգի անվստահության վերաբերյալ հնչած մտահոգություններին` Ա. Սաղաթելյանն ասաց, որ այդ մտավախությունները եղել են նաև այլ երկրներում, և հիշեցրեց, որ Դատական օրենսգրքի 15-րդ հոդվածը դատարաններին հորդորում է օգտագործել միջազգային իրավակիրառական պրակտիկան: Հայաստանի դատարաններն էլ պետք է միտված լինեն Եվրոպական դատարանի նախադեպերի օգտագործմանը:
«Այնպես որ, ես կարծում եմ, որ եթե անգամ լինեն ինչ-որ սխալներ, դրանք շատ արագ կշտկվեն դատական բողոքարկման ընթացքում»,-ասաց բանախոսը:
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, Ա. Սաղաթելյանն ասաց, որ չի կարող համաձայնվել այն տեսակետին, թե այդ փոփոխությունները թերթ փակելու կամ խոսքի ազատությունը սահմանփակելու նպատակ ունեն` թերթ փակելու խնդիր Հայաստանում չկա:
«Այս օրենքը պետք է ընդունվեր դեռ մի քանի տարի առաջ, երբ պարզապես ունեինք Քրեական օրենսգրքում զրպարտության վերաբերյալ հոդված, երբ կամավոր դա չէինք կիրառում, փաստացի մենք մեր բազմաթիվ քաղաքացիների թողել էինք անպաշտպան խոսքի ազատության այս կամ այն, պայմանականորեն ասած, չարաշահումների պայմաններում»,-մանրամասնեց փորձագետը:
Նա բացատրեց, որ գործող իրավական դաշտը ևս կարող է տեսական հնարավորություն ստեղծել որևէ տնտեսավարողի գործունեությանը խոչընդոտելու համար:
«Սա ընդամենը իրավական քայլերի հաջորդականության խնդիր է, և որևէ կերպ պետք չէ պատկերացնել, որ, երբ խոսում ենք անձի իրավունքների պաշտպանության մասին, մենք նպատակ ունենք թերթ փակել: Ի վերջո սա չի վերաբերում միայն թերթերին, սա համընդհանուր պատասխանատվության խնդիր է, սա վերաբերում է նաև քաղաքացիներին ու հեռուստաընկերություններին»,-նշեց Ա. Սաղաթելյանը:
Նա վստահություն հայտնեց, որ բարեփոխված օրենսդրությունը հնարավորություն կտա, որ լրատվամիջոցները լինեն սոցիալապես ավելի պատասխանատու:
«Ամբողջ աշխարհում լրատվամիջոցների հիմնական պատասխանտվության չափանիշը սոցիալական պատասխանատվություն է, և լրատվամիջոցները սոցիալական պատասխանատվության հարցերը լուծում են ինքնակարգավորման շրջանակում: Հայաստանում ինքակարգավորումը մի շարք պատճառներով չի գործում»,-ասաց Ա. Սաղաթելյանը: