Թուրքիայի պետնախարար. Սա մեզ համար մեծ ամոթ է
Թուրքիայի պետնախարար և եվրաանդամակցության գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը թուրքական հասարակական կազմակերպությունների ներկայացուցչների հետ Բրյուսելում կայացած հանդիպմանը հայտարարել է, որ թեև Բելգիայում կա թուրքական ծագումով 8 պատգամավոր և մեծ թվով քաղաքային խորհրդի անդամներ, այդուամենայնիվ, չպետք է դրանով բավարարվել:
«Պետք է ձգտենք ավելիին»,- ըստ «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) թերթի` կոչ է արելը Բաղըշը:
Հիշեցնելով շվեդական խորհրդարանում Ցեղասպանության բանաձևի քննարկման ժամանակ տեղի ունեցածը` Բաղըշն ասել է.
«Այն, ինչ տեղի ունեցավ Շվեդիայի խորհրդարանում, բոլորիս համար մեծ ամոթ է: Այնտեղ թուրքերի քվեով ընտրված մեր եղբայրները կողմ քվեարկեցին թուրքերին ծանր վիրավորանք հասցնող այդ օրինագծին: Դա անընդունելի է: Հուսանք, որ նրանք էլ են այդ սխալները շտկելու ուղիներ փնտրում»:
Հիշեցնենք, որ շվեդական խորհրդարանում` Ռիկստագում, կան ծնունդով Թուրքիայից 4 պատգամավորներ, որոնցից երեքը կողմ էին քվեարկել Ցեղասպանության օրինագծին, իսկ մյուսը` Կանաչների կուսակցությունը ներկայացնող ազգությամբ թուրք Մեհմեթ Քափլանը, չէր մասնակցել քվեարկությանը: