Դավութօղլու. 3 տարի առաջ ո՞ւմ մտքով կանցներ, որ Հայաստանի հետ հարաբերությունները կհասնեին այսպիսի կետի
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն «CNNTurk»-ի հեռուստաեթերով թողարկված «Անկարայի հետնաբեմը» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ ամենաուշը մինչև հաջորդ շաբաթվա վերջ Ստոկհոլմից հետ կանչված Թուրքիայի դեսպան Զերգյուն Քորություրքը կվերադառնա Շվեդիա` շարունակելու իր դիվանագիտական առաքելությունը:
Հիշեցնենք, որ Քորություրքը խորհրդակցությունների նպատակով հետ էր կանչվել Անկարա Շվեդիայի խորհրդարանի` Ռիկսդագի կողմից մարտի 11-ին Ցեղասպանության բանաձևի ընդունումից հետո:
Դեսպանին դարձյալ Շվեդիա գործուղելու պաշտոնական Անկարայի որոշումը Դավութօղլուն մեկնաբանել է այսպես. «Միացյալ Նահանգներն ու Շվեդիան նույն կերպ չվարվեցին: Շվեդական կառավարությունը դեմ հանդես եկավ բանաձևի ընդունմանը: Իսկ այնուհետև պաշտոնական հաղորդագրությամբ հստակ բարձրաձայնեց իր դիրքորոշման մասին: Այդ առումով Շվեդիայից եկող հայտարարությունները գոհացուցիչ են»:
Միևնույն ժամանակ Դավութօղլուն նշել է, որ ԱՄՆ-ից հետ կանչված թուրք դեսպան Նամըք Թանի Վաշինգտոն վերադարձի հարցն առայժմ հստակեցվում է:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ իրենք սզկբունքորեն դեմ են պատմական հարցերը խորհրդարաններում լուծելուն և հիշեցրել, որ միշտ էլ, երբ այս կամ այն երկրի օրենսդիրն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, Անկարան հետ է կանչել իր դեսպաններին:
Արձանագրությունների վերաբերյալ Դավութօղլուն ասել է հետևյալը. «Երեք տարի առաջ ո՞ւմ մտքով կանցներ, որ Հայաստանի հետ հարաբերությունները կհասնեին ներկայիս կետին: Արձանագրությունների հարցում հոգեբանական գործոն էլ կա: Ֆորմալ առումից բացի կա քաղաքական ու հասարակական հոգեբանության ժամանակացույց, որը պետք է առավել ճիշտ կերպ սահմանենք»:
Դավութօղլուի խոսքով` առկա ստատուս քվոն ոչ մեկի` այդ թվում և Ռուսաստանի շահերից չի բխում: Իսկ այն հարցին, թե արդյոք Էրդողանը մեկնելու է ԱՄՆ` միջուկային անվտանգության ապրիլյան գագաթաժողովին մասնակցելու, Դավութօղլուն պատասխանել է, որ Թուրքիան անպայման ներկայացված կլինի այդ գագաթաժողովում, բայց դեռ հայտնի, թե չէ ինչ մակարդակով: