«Hurriyet» Թուրքական կառավարությունում քննարկել են ապօրինի ներգաղթյալ հայ ընտանիքների երեխաների ուսման հարցը
Թուրքիայում անօրինական բնակություն հաստատած հայերին հարկ եղած դեպքում վտարելու մասին Էրդողանի հայտարարությունն ավելի ակտուալացրեց այդ երկրում ապօրինի ներգաղթյալի կարգավիճակ ունեցող հայերի խնդիրները: Այսպես` «Հյուրրիյեթ» (Hurriyet) օրաթերթը գրում է, որ թուրքական կառավարությունը պատրաստվում է կարևոր միջոցներ ձեռնրակել այդ ոլորտում առկա խնդիրները հարթելու ուղղությամբ:
Օրինակ` ապօրինի ներգաղթյալի կարգավիճակով Թուրքիայում բնակվող հայկական ընտանիքների երեխաները քաղաքացիություն չունենալու պատճառով չեն կարողանում հաճախել դպրոց: Պոլսո հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը «Hurriyet»-ին հայտնել է.
«Վարչապետի օգնական Բյուլենթ Արընչը խոստացել է, որ որ անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվելու այդ երեխաների կրթական խնդիրների լուծման համար: Պրն Արընչի հետ հանդիպել եմ անցյալ շաբաթ և տեղեկացրել այդ խնդրի մասին»:
Բյուլենթ Արընչն էլ իր հերթին պարզաբանել է, որ ինքը կողմնակից է այդ խնդրի լուծմանը: Իսկ խնդիրն այն է, որ ինչ-ինչ հանգամանքներում ու ինչ-ինչ պատճառներով Թուրքիայում հայտնված ոչ մահմեդականների երեխաները չեն կարողանում դպրոց հաճախել, որովհետև նրանց այնտեղ չեն ընդունում: Մինչդեռ, ըստ Արընչի, հարկավոր է նման երեխաներին դպրոցներում աշակերտելու հնարավորություն տալ, քանի որ դա կարևոր է նաև հումանիզմի տեսանկյունից:
«Կառավարության նիստի ժամանակ ես այդ հարցը բարձրացրել եմ: Վարչապետը դրական է գնահատել նման առաջարկը և նշել է, որ անհրաժեշտ է վերացնել այն խոչընդոտները, որոնց պատճառով այդ երեխաները չեն կարողանոում սովորել դպրոցներում»,- ասել է Թուրքիայի վարչապետի օգնականը: Նրա տեղեկացամամբ` Էրդողանը կրթության նախարարին հանձնարարել է զբաղվել այդ հարցով:
«Եթե հարկ լինի, նոր հրահանգ իջեցրեք: Ազգային և կրոնական փոքրամասնություններից բացի ժամանակավորապես Թուրքիայում գտնվող ընտանիքների երեխաների համար էլ դպրոց հաճախելու հնարավորություն թող ստեղծվի»,- ասել է Թուրքիայի վարչապետը: