Milliyet. Դավութօղլուն պատրաստ է հանդիպել սփյուռքահայության հետ
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ժպիտը դեմքից անպակաս քաղաքական գործիչ է: Չնայած ժպտերես լինելուն` մերթ ընդ մերթ կոշտ հակազդեցություններով կարող է հանդես գալ, սակայն հիմնականում լավատես է: Դավութօղլուի մասին այսպիսի կարծիք է հայտնել թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) թերթի վերլուծաբան Ֆիքրեթ Բիլան:
Վերջինս անդրադարձել է «CNNTurk» հեռուստաընկերության «Անկարայի հետնաբեմը» հաղոդմանը մասնակցելու ժամանակ Դավութօղլուի ներկայացրած դիտարկումներին: Թուրք հոդվածագրի առաջին նկատառումն, այն է, որ մի կողմից հետ է կանչվում Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը, մյուս կողմից Դավութօղլուն ջերմ ազդակներ է հղում հայկական սփյուռքին և ահա թե ինչպես. հեռուստաեթերից Դավութօղլուն ասել է, որ ինչքան էլ ծանր ու դժվար լինեն հայերի ու թուրքերի միջև առկա խնդիրները, անհրաժեշտություն կա, որ կողմերն ուղղակիորեն շփվեն: Ըստ նրա` նույնիսկ կարելի է և պետք, որ բողոքավոր խմբերի հետ ևս մերձեցում իրականացվի: Ֆիքրեթ Բիլան համոզված է, որ հետևյալ հայտարարությամբ Դավութօղլուն ուղերձ է հղում սփյուռքահայությանը.
«Մենք միայն Հայաստանի հետ չէ, որ ուզում ենք կարգավորել հարաբերությունները: Միևնույն ժամանակ ցանկանում ենք շփման մեջ մտնել սփյուռքում բնակվող հայերի հետ: Ներկայիս հանգրվանում սխալ կլինի հայությանը մերձենալ հատվածաբար: Եկեք դա լավ հասկանանք: Հայկական համայնքերն են, որ կկարողանան մեր երկխոսությունը կյանքի կոչել»:
«Milliyet»-ի վերլուծաբանն էլ եզրակացնում է. «Թուրքիայի արտգործնախարարի` ԱՄՆ-ի հայության հետ շփման մեջ մտնելու ցանկությունը հայ-թուրքական կարգավորման գործընթացում կարող է դիտվել իբրև նոր ցատկ»: