Դավութօղլու. Հայաստանի հետ գործընթացը սկսվել է Օբամայի` նախագահ ընտրվելուց առաջ
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, մասնակցելով «CNNTurk»-ի «Անկարայի հետնաբեմ» հաղորդմանը, անդրադարձել է թուրք-ամերիկյան և հայ-թուրքական հարաբերությունների հարցին:
Թուրքիայի արտգործնախարարը նկատել է տվել այն իրողությունը, որ Անկարան իր «0 խնդիր հարևանների հետ» արտաքին քաղաքական մարտավարությունը հռչակել է դեռևս Բարաք Օբամայի` ԱՄՆ նախագահ ընտրվելուց առաջ:
«Հայաստանի հետ գործընթացը 2003 թվականին հռչակված «0 խնդիր հարևանների հետ» ծրագրի մի մասն է: Նշանակում է` այդ գործընթացը սկսվել է Օբամայի նախագահ ընտրվելուց առաջ: Այդ պատճառով գործընթացի երևացող կամ չերևացող ընթացքը ոչ մի կապ չունի Օբամային վարչակազմի հետ:
Թուրքիան միջազգային արենայում սուբյեկտ է, ինքն է սահմանում իր հարաբերությունները` չանսալով որևէ մեկի կողմից իջեցված հրահանգներին. խորհրդակցություններ, սակայն, իրականացվելու են: ԱՄՆ-ի հետ մեր հարաբերություններն խորանալուն զուգահեռ ինչքան այդ համագործակցությանը չհամապատասխանող վարքագիծ դրսևորվի, այդչափ էլ հակազդեցություն առաջ կգա»,- հայտարարել է Ահմեթ Դավութօղլուն: