Հոլանդացի հանրահայտ կինոռեժիսոր և սցենարիստ Յոս Ստելինգը Հայաստանում է
Հոլանդացի հանրահայտ կինոռեժիսոր և սցենարիստ Յոս Ստելինգը մարտի 23-28-ը Երևանում վարպետության դաս է անցկացնում «Ոսկե ծիրան» տարածաշրջանային բարձրագույն կինոդպրոցում: Իր իսկ մշակած ծրագրի համաձայն` վարպետության դասերի ընթացքում Ստելինգի անմիջական վերահսկողությամբ նկարահանվում է 3 կարճամետրաժ խաղարկային ֆիլմ «Սերը և քաղաքը (Երևան)» թեմայով: Այս մասին տեղեկացանք Ոսկե ծիրան կինոփառատոնի մամլո ծառայությունից:
Մոտ 20 հայտերից Ստելինգն ինքն է ընտրել 3 սցենար, որոնք, ըստ նրա, ոչ թե լավագույններն էին, այլ ամենահարմարն էին մի քանի օրում նկարահանելու համար: Դրանք են Հասմիկ Հովհաննիսյանի «Գլխարկ»-ը, Մարիանա Եղիազարյանի «Գաղտնիք»-ը և Արթուր Սուքիասյանի «Երևանի սիրուն տղա»-ն:
Վարպետության դասերի մյուս մասնակիցներն էլ առաջիկայում հնարավորություն կունենան նկարահանել իրենց առաջարկած սցենարները:
Նշենք, որ «Ոսկե ծիրան» տարածաշրջանային բարձրագույն կինոդպրոցն իր աշխատանքներն սկսել է 2008 թ-ից, երբ առաջին վարպետության դասերով հանդես է եկել փառատոնի նախագահ, աշխարհահռչակ կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը: Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Թուրքիայի երիտասարդ կինոգործիչները շարունակել են իրենց աշխատանքները 2008թ-ի աշնանը, երբ իրանցի հանրահայտ ռեժիսոր Աբբաս Քիարոստամիի ղեկավարությամբ 1 շաբաթվա ընթացքում հնարավորություն ունեցան նկարահանելու 16 կարճամետրաժ ֆիլմ:
2009-ի ապրիլին Կինոդպրոցն անցկացրել է ավելի լայնածավալ` շուրջ մեկամսյա դասընթաց, ժամանակակից հայկական կինոյի մասնագետների մասնակցությամբ` օպերատոր Վահագն Տեր-Հակոբյան, հնչյունային ձևավորող Կարեն Ծատուրյան, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյան, ռեժիսոր Հարություն Խաչատրյան:
2009թ-ի սեպտեմբերից սկսվել են Կինոդպրոցի կանոնավոր դասերը, ուր շաբաթական 6 օր ուսանողները դասախոսություններ են լսել ռեժիսուրայի, սցենարական և օպերատորական վարպետության, կինոյի պատմության և այլ առարկաներից, ինչպես նաև պրակտիկ աշխատանքներ կատարել: Սեպտեմբերին Վարպետության դասերով Երևան է ժամանել «լեհական կինոյի փիլիսոփան»` Քշիշտոֆ Զանուսին, ով նույնպես մեկ շաբաթ շարունակ ռեժիսորի իր հմտությունները կիսեց կինոյի երիտասարդ սերնդի հետ: Առաջիկայում «Ոսկե ծիրան»-ի Կինոդպրոցում դասեր կվարեն համաշխարհային կինոյի այլ մեծանուն գործիչներ:
Տեղեկացնանք, որ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի 7-րդ անգամ` հուլիսի 11-18-ը: Փառատոնին աջակցում է ՀՀ Մշակույթի նախարարությունը, գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը: