Է.Շարմազանով. «Ալիևի մերժումը միջնորդներին հետևություն անելու առիթ է»
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը խոսեց արտաքին քաղաքականության վեկտորում վերջին շրջանում արձանագրված երևույթների մասին և, մասնավորապես, շեշտեց, որ այս ուղղությամբ հայտարարություններով հանդես են գալիս ոչ միայն ընդդիմադիր գործիչները, այլև նախկին պաշտոնյաները:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, նա առաջընթաց համարեց այն հանգամանքը, որ արտգործնախարարը բարձրացրեց Ադրբեջանի կողմից օկուպացված Շահումյանի շրջանի հարցը և նշեց, որ Հանրապետականը մնում է իր դիրքորոշմանը` հակամարտության խնդրի լուծումն ամեն գնով անընդունելի է.
«Ղարաբաղը պետք է ունենա կարգավիճակ, որը ցածր չէ ներկայիս կարգավիճակից»,-ասաց Է.Շարմազանովը:
Նա ավելացրեց նաև, որ մինչև Ադրբեջանը չճանաչի ԼՂՀ անկախությունն, այլ տարբերակներ չեն կարող քննարկվել:
Պատգամավորը կրկնեց` խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, սակայն սա չի նշանակում, թե մենք վախենում ենք պատերազմից: Ըստ այդմ անդրադարձավ նաև նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկին` ստորագրել ուժի չկիրառման մասին համաձայնագիր, որը, ինչպես հայտնի է, մերժել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Սակայն այս մերժումը, նրա խոսքով, ի գիտություն պետք է ընդունի ոչ թե հայկական կողմը, այլ միջնորդները և հետևություն պետք է անեն, որ Ադրբեջանը պատրաստ չէ հանդես գալ կառուցողական դիրքերից:
Է.Շարմազանովը ևս մեկ անգամ, հղում կատարելով նախագահ Սերժ Սարգսյանին` կրկնեց.
« Ղարաբաղն առուծախի առարկա չէ, այն երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Հայաստանը երբեք չի գնա միակողմանի զիջումների, բայց պատրաստ է փոխզիջումների և որ ամենակարևորն է` ԼՂՀ հիմնախնդրի հարցում կարևոր է թե´ Ղարաբաղի ժողովրդի, թե´ իշխանությունների կարծիքը . «Չի լինի մի լուծում, որը չի գոհացնի ԼՂՀ ժողովրդին», -հավելեց նա:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով և լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի և զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ` 2007թ. նոյեմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:
Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձևերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը և կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան