Խաղաղության ինստիտուտ. Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի
Սպառազինությունների ձեռքբերման ու սեփական ռազմաարդյունաբերական համալիր ստեղծելու ուղղությամբ Ադրբեջանի գործադրած ջանքերը որևէ կասկած չեն թողնում, որ այդ երկիրը նախապատրաստվում է պատերազմի: Նման եզրահանգման է եկել Խաղաղության հիմնախնդիրներն ուսումնասիրող Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի (SIPRI) փորձագետ Փոլ Հոլթոմը:
«Հաշվի առնելով վերջին ամիսներին անընդհատ հնչող այն հռետորաբանությունը, թե ինչի՞ համար են այդ ռազմական կուտակումները, կարելի է ասել, որ դրանք Լեռնային Ղարաբաղի պատճառով են»,- Eurasianet-ի հետ զրույցում նշել է Փոլ Հոլթոմը:
SIPRI-ն օրերս հրապարակել է հերթական զեկույցը, որտեղ անդրադարձել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների ռազմական ծախսերի խնդրին: Ինստիտուտի փորձագետները վկայում են, որ դրանք սպառնալից տեմպեր են գրանցել:
Eurasianet-ի հաղորդմամբ, զեկույցի հեղինակները նշել են, որ եթե Ադրբեջանը 2005 թվականի միջինացված գներով 1999 թվականին ռազմական կարիքների համար ծախսել է 133 միլիոն դոլար, ապա 2008 թվականին այդ ցուցանիշը կազմել է 697 միլիոն դոլար (աճը` մոտ 425% կամ 5.2 անգամ):
Վրաստանի պարագայում աճն ավելի տպավորիչ է: 1998 թվականի 39.8 միլիոն դոլարի փոխարեն այս երկիրը 2008 թվականին ռազմական կարիքներին հատկացրել է 651 միլիոն դոլար (աճը` 1540% կամ 16.4 անգամ): Հայստանի դեպքում 9 տարվա կտրվածքով ռազմական ծախսերի աճը առավել քան համեստ է` 135% կամ 2.3 անգամ:
SIPRI-ի տվյալներով, Հայաստանում 1999 թվականին ռազմական ծախսերը կազմել են 93 միլիոն դոլար, իսկ 2008 թվականին` 217 միլիոն դոլար:
Չնայած վերը նշվածին, SIPRI-ի փորձագետը քիչ հավանական է համարել ռազմական գործողությունների վերսկսումը` հիշեցնելով, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և պատերազմ սկսելու որոշում կայացնելուց առաջ Ադրբեջանը ստիպված է լինելու հաշվի նստել Ռուսաստանի արձագանքի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին