ՀՀ նախագահը՝ Իէն Գիլանին. Հայաստանում դուք մեկ այլ ջերմության ականատես կլինեք
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է աշխարհահռչակ «Դիփ Փարփլ» ռոք խմբի անդամ Իէն Գիլանին և «Ռոքը օգնում է Հայաստանին» ծրագրի ղեկավար Ջոն Դիին: Այս մասին տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից:
Նախագահ Սարգսյանը ողջունել է հռչակավոր ռոքերի այցը Հայաստանի Հանրապետություն, և նշել, որ մեր երաժշտասեր հասարակության կյանքում դա մեծ իրադարձություն է: Դիմելով անվանի երաժշտին` Սերժ Սարգսյանն ասել է.
«Բնականաբար, ոչ ոք չի կասկածում, որ ձեր համերգներն ընթանում են լեփ-լեցուն դահլիճներում և ջերմ մթնոլորտում, բայց Հայաստանում դուք մեկ այլ ջերմության ականատես կլինեք. բացի տաղանդի նկատմամբ ջերմությունից, դա նաև երախտագիտության ջերմություն է: Մենք երախտապարտ ժողովուրդ ենք և շնորհակալությամբ ենք հիշում, որ 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո դուք մեր կողքին էիք»:
Նախագահը երախտագիտություն է հայտնել Ջոն Դիին` ով մեր ժողովրդի համար այդ ծանր պահին համախմբում էր աշխարհահռչակ երաժիշտներին` իրենց երաժշտության միջոցով օժանդակելու հայերին, Հայաստանին` բուժելու դաժան աղետի ծանր վերքերը: «Դուք այդ դժվարին գործը փայլուն կատարեցիք»,- շեշտել է Նախագահ Սարգսյանը:
«Մենք ուրախ ու երջանիկ ենք, որ կարողացել ենք մեր համեստ ներդրումն ունենալ»,-ասել են ռոքի աստղերը: Իէն Գիլանը հավելել է, որ երբեք չի մոռանա քսան տարի առաջ իր այցը Սպիտակ, և ուրախ է, որ այսօր կարող է իր երաժշտությունը բերել նրանց:
Անդրադառնալով երևանյան համերգին` Իէն Գիլանը ու Ջոն Դին իրենց հիացմունքն են հայտնել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարողական արվեստից, և հաճելիորեն զարմացել, որ երիտասարդ ու ավագ սերնդի ներկայացուցիչները հավասար ոգևորությամբ վայելում են երաժշտությունը:
Հանրապետության Նախագահն ու նրա հյուրերը խոսել են նաև «Ռոքը օգնում է Հայաստանին» ծրագրի շրջանակում կատարվող աշխատանքի մասին:
«Մենք մշտապես հպարտ և ուրախ կլինենք հյուրընկալել ձեզ մեր երկրում»,- ընդգծել է Նախագահ Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները