Թուրքագետ.Դավութօղլու-Քլինթոն հեռախոսազրույցը` հերթական իրադարձություն Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև տեղի ունեցող առևտրի շրջանակներում
Հայոց ցեղասպանության ճանաչումը տարբեր երկրների կողմից կապված է այդ երկրների ներսում տեղի ունեցող քաղաքական գործընթացների, արտաքին քաղաքական գործոնների հետ:
«Մենք մեզ չպետք է խաբենք: Բայց նաև հավատը արդարության նկատմամբ չպետք է կորցնենք: Տեսնում ենք, որ աշխարհը կամաց-կամաց շարժվում է Ցեղասպանության հակամարդկային բնույթի խորը ընկալմամբ: Դրանց մասին են վկայում նաև միջազգային իրավական դաշտում տեղի ունեցող փոփոխությունները»,- այս մասին ասուլիսում ասաց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Նա ասաց, որ Եվրոպան Ցեղասպանության ճանաչումն առաջին հերթին կապում է Թուրքիայի արտաքին քաղաքականությամբ ու աշխարհաքաղաքան դիրքով, ինչպես նաև կան ներքին քաղաքական խնդիրներ, բարոյական գործոն, որ, թեև, շատ թույլ է: Ըստ նրա, տարբեր երկրներում կան լուրջ մարդիկ, քաղաքական գործիչներ, որոնք Ցեղասպանության ճանաչման համար պայքար են մղում իրենց խորհրդարաններում ազնիվ մղումով:
Անդրադառնալով Դավութօղլու-Քլինթոն հեռախոսազրույցին` թուրքագետն ասաց, որ դա Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև տեղի ունեցող առևտրի շրջանակներում հերթական իրադարձությունն է:
«Թուրքիան ամեն ինչ անում է, որ Ամերիկայի պաշտոնական շրջանակները չարտասանեն «Ցեղասպանություն» բառն ու չընդունեն Ցեղասպանության մասին բանաձև»,- ասաց Ռ. Սաֆրաստյանը:
Ըստ նրա, թե ինչ արդյունք կտա այդ առևտուրը, պարզ կլինի միայն ապրիլի 23-ի գիշերը` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ամենամյա ելույթից հետո: Բանախոսը չբացառեց, որ ԱՄՆ-ն այս տարի ավելի մոտ է կանգնած Ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը, քան մինչև այս էր:
Ռուբեն Սաֆրաստյանը նաև ասաց, որ հայ ժողովուրդը պետք է պատրաստվի Ցեղասպանության ճանաչման խնդիրը քաղաքական հարթությունից տեղափոխել իրավական հարթություն:
«Այո, պետք է պատրաստվենք, քանի որ դա բավականին բարդ խնդիր է. առնչվելու ենք միջազգային իրավական նորմերի, դաշտի հետ: Պետք է կարողանանք մեր պահանջատիրությունը այնպես ներկայացնել, որ բխի ժամանակակից իրավական պահանջներից: Նախ և առաջ մենք մեզ համար պետք է պարզենք, թե ինչ է մեզ համար այս պահին նշանակում պահանջատիրությունը, պետք է պարզենք, թե ինչ ենք մենք ուզում: Համահայկական խնդիր է ու կարող է լուծվել ողջ հայության ինտելեկտուալ, հոգևոր ուժերը համախմբելու միջոցով: Համախմբողը, նախաձեռնողը պետք է լինի Հայաստանը»,- ասաց թուրքագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան