«Դռան թակոցը»… «Ես գրագիրն եմ, մայրս` պատմիչը»
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ ամերիկահայ Մարգարիտ Աճեմյան-Ահներթի «Դռան թակոցը» գրքի շնորհանդեսը` հեղինակի մասնակցությամբ: Գրքի հիմքում հեղինակի մոր` 1900թ. Ամասիա քաղաքում (Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգ) ծնված Եսթեր Միներաճյանի հուշերն են 1915թ. արհավիրքի և դրա պատճառած անլուր տառապանքների մասին:
«Մայրս շատ քաջ ու զորավոր կին էր, որ դիմացավ այդ ցավին: Ամեն անգամ, երբ հայ էինք տեսնում, մայրս ինձ ասում էր` արյունդ կքաշի: Այսօր այս դահլիճում էլ արյունս քաշում է»,- ասաց գրքի հեղինակը: Մարգարիտ Աճեմյան-Ահներթը նաև նշեց, որ ինքն ընդամենը իր մոր ասածները թղթի վրա հանձնողն է, գրագիրն է, իսկ պատմիչը եղել է մայրը, որն իրեն է պատմել է մի ամբողջ ժողովրդի հետ տեղի ունեցած ոճրագործության ու ցավի մասին:
«Մայրս ասում էր, որ պետք է մոռանա այդ ցավը, վիշտը, փորձի նոր կյանքով ապրել, սակայն վերապրածներն այդպես էլ երբեք չեն կարողանա մոռանալ այդ ողբերգությունը: Մենք էլ չպետք է մոռանանք այդ մասին: Աշխարհը պետք է իմանա այդ մասին»,- ասաց նա:
Գիրքն անգլերեն լեզվով լույս է տեսել 2007թ. ԱՄՆ-ում` հեղինակին բերելով «Մարդասիրական մրցանակ»: Հեղինակն արժանանացել է նաև 2008թ. Նյու Յորքի Գրքի տոնավաճառի հաղթողի կոչման` «Լավագույն պատմական հուշագրություն» անվանակարգում: Մեծ եղեռնի ականատեսի վկայություն հանդիսացող այս հուշագրությունը Հայ օգնության ֆոնդի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ թարգմանվել է հայերեն և տպագրվել Երևանում: Հեղինակն ասաց, որ գիրքը թարգմանվելու է նաև թուրքերեն. «Հուսով եմ, որ այդ գիրքը կօգնի թուրք երիտասարդներին կարդալ 20-րդ դարասկզբի ոճրագործության մասին ողջ ճշմարտությունը»: