Էրդողանը Մերկելի հետ քննարկել է Ցեղասպանության բանաձևի հարցը
Նախօրեին երկօրյա պաշտոնայցով Անկարա ժամանած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդիպել է Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպումից հետո Մերկելն ու Էրդողանը կառավարության շենքում հրավիրել են մամուլի ասուլիս: Այս մասին հայտնում է թուրքական CNNTurk-ը:
Գերմանացի լրագրղի հարցին, թե արդյոք հանդիպմանը քննարկվել է Հայոց ցեղասպանության բանաձևի հարցը, Էրդողանը հաստատող պատասխան է տվել: Մերկելի հետ քննարկել են ԱՄՆ-ում և Շվեդիայում իրականացված քվեարկությունները և եզրահանգել, որ այդ բանաձևերի ընդունումը վնասում է հայ-թուրքական կարգավորման գործընթացը:
«Թողնենք պատմաբաններին, թող պատմաբանները դա լուծեն, խորհրդարաններն այդ հարցի լուծման վայր չեն»,- ասել է Էրդողանը` հիշեցնելով, որ Դավութօղլուն զանգահարել է պետքարտուղար Քլինթոնին և հայտնել Անկարայի մտահոգությունը խնդրո առարկայի վերաբերյալ:
Մերկելն էլ իր հերթին նկատել է. «Անհրաժեշտ է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները լավ կերպով զարգանան: Այդ իմաստով հուսադրող քայլեր կատարվում են»:
Տեղեկացվում է նաև, որ Գերմանիայում թուրքական դպրոցներ բացելու Էրդողանի առաջարկն այս անգամ այլ արձագանք է ստացել Մերկելի կողմից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Գերմանիայի կանցլերը, ի պատասխան Էրդողանի այդ առաջարկին, ասել էր, որ Գերմանիայում բնակվող թուրքերը պետք է հաճախեն գերմանական դպրոց: Իսկ երեկ Մերկելը հայտարարել է, որ կողմերն արդեն համաձայնության են եկել նշված հարցի շուրջ: Տեղեկացվում է նաև, որ Թուրքիայի վարչապետը Գերմանիայի կանցլերին ցանկություն է հայտնել փոխադարձաբար հանել երկու երկրների միջև վիզային (մուտքի արտոնագրային) ռեժիմը: Մերկելն էլ այդ առնչությամբ ասել է. «Մենք կաշխատենք այդ ուղղությամբ»:
Նշենք, որ նախատեսված է նաև Գերմանիայի կանցլերի հանդիպումը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ: