Քլինթոնը Դավութօղլուի հետ քննարկել է հետ կանչված թուրք դեսպանի վերադարձի հարցը
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի խոսնակ Ֆիլիպ Գրոուլեյը հրավիրված մամուլի ասուլիսում հայտնել է, որ Հիլարի Քլինթոնի և Ահմեթ Դավութօղլուի հեռախոսազրույցի ընթացքում հիմնականում քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների ընթացքի, Լեռնային Ղարաբաղի հարցի լուծմանը նպատակաուղղված ԱՄՆ-ի ջանքերի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, Քլինթոնի` Ռուսաստան կատարած այցի և մերձավորարևելյան զարգացումների վերաբերյալ հարցեր: Այս մասին հայտնում է CNNTurk-ը:
Նրա հավաստմամբ` հեռախոսազրույցն ընթացել է ջերմ և կառուցողական մթնոլորտում:
Խոսնակին հարց է ուղղվել, թե Քլինթոնը Դավութօղլուի հետ քննարկե՞լ է Վաշինգտոնից հետ կանչված թուրք դեսպան Նամըք Թանի վերադարձի հարցը: Ֆիլիպ Գրոուլեյը պատասխանել է, որ թեև այդ հարցին անդրադարձ կատարավել է, սակայն վերջին հաշվով դա Անկարայի որոշելիքն է:
Հիշեցնենք, որ նորանշանակ թուրք դեսպան Նամըք Թանը խորհրդակցությունների նպատակով հետ էր կանչվել Անկարա այն բանից հետո, երբ մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: