Թուրքերը մտադիր են ԱՄՆ-ում հանդիպել սփյուռքահայ շրջանակների հետ
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահի օգնական, արտաքին հարցերով փոխպատասխանատու Սուաթ Քընըքլօղլուն ապրիլին Միացյալ Նահանգներ կատարելիք այցի ժամանակ հնարավոր է համարել իրենց հանդիպումը սփյուռքահայ շրջանակների հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սթարգազեթե» (Stargazete) լրատվական կայքը:
Ըստ Քընըքլօղլուի` տարբեր երկրների խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանության բանաձևերի ընդունումը թուլացնում է հայ-թուրքական կարգավորման գործընթացի քաղաքական կամքը:
«Հարկավոր է հայերի հետ միասին աշխատել «արդար հիշողության» գաղափարի շուրջ»,- ասել է բարձրաստիճան կուսակցականը:
Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ևս հայկական սփյուռքի հետ հարաբերվելու անհրաժեշտության մասին «մեսիջներ» էր հղում: