Դենիզ Բայքալ. Հայ-թուրքական կարգավորման գործընթացն այլևս տապալված է
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության ղեկավար, իրավաբան Դենիզ Բայքալը, ելույթով հանդես գալով կուսակցական ժողովում, խիստ քննադատության է ենթարկել իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ - AKP) կուսակցության` խորհրդարան ներկայացրած սահմանադրական բարեփոխումների փաթեթը` ասելով.
«Ինչո՞ւ է «ԱԶԿ»-ն խուճապի մատնվել : «ԱԶԿ»-ի իշխանության շրջանն արդեն ավարտվում է»:
Բայքալն օրինակ դժգոհել է այն բանից, որ հիշյալ բարեփոխումների փաթեթով նախատեսվում է ոչ թե անկախացնել դատաիրավական համակարգը, այլ այն ներքաշել քաղաքացիական իշխանությունների ազդեցության ոլորտ:
Ըստ թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) թերթի էլ-կայքի` Բայքալն անդրադարձել է նաև հայկական թեմային: Դատապարտելով Գյուլի վարչակզամի արտաքին քաղաքական մարտավարությունը Երևանի հանդեպ` ժողովրդահանրապետական կուսակցապետը նշել է.
«Հայաստանի հետ կարգավորման գործընթաց վարեցինք: Հայկական «օկուպացիային» վերջ դրվե՞ց: Հայերը հրաժարվեցի°ն ցեղասպանության ճանաչման արշավից: Ոչ մեկը, ոչ էլ մյուսը: Այսքան էլ ջանք թափեցինք: Հետևաբար այն այլևս տապալված է»:
Նշենք, որ Դենիզ Բայքալի գլխավորած քաղաքական ուժը կազմում է ամենամեծ ընդդիմությունը Թուրքիայի մեջլիսում: