Քուրդ քաղաքապետը կոչ է արել, որ հայերը վերադառնան Դիարբեքիր
Նախօրեին Դիարբեքիրի արվեստի կենտրոնում հայկական երաժշտական համարով հանդես է եկել արվեստագետ Մուսթաֆա Իլհանը: Այս մասին տեղեկացնող թուրքական «Հաբերթուրք» (Haberturk) լրատվական կայքի փոխանցմամբ` հայկական երաժշտությանը նվիրված այդ երեկույթին մասնակցել է նաև Դիարբեքիրի քրդազգի քաղաքապետ Օսման Բայդեմիրը:
Վերջինս իր խոսքում հիշատակել է այն հանգամանքը, որ մոտ անցյալում Դիարբեքիրի բնակչության մի նշանակալի հատվածը հայերն են կազմել:
«Բայց, ցավոք, մենք մեր այդ արժեքները, բազմազանությունը մսխեցինք: Կորցնողը միայն նրանք չեղան, ովքեր գնացին, կամ ովքեր մնացին ու տառապանքների ենթարկվեցին: Մենք ևս կորուստ ունեցող ենք: Նրանք կարծես իրենց հետ տարան հաջողությունը: Խնդրում ենք, վերադարձեք դեպի ձեր հողեր»,- հայերին հասցեագրելով իր խոսքը` ասել է Դիարբեքիրի քաղաքապետը: