Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով հայցադիմում է ներկայացվել դատարան
Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով հայցադիմում է ներկայացվել դատարան: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերթուրք» (Haberturk) լրատվական կայքը: Աղբյուրի համաձայն` թուրք փաստաբան Բենդալ Ջելիլ Էզմանը դիմել է Անկարայի հաշտարար դատարան` պահանջով.
«Ճանաչեք հայերի ցեղասպանությունը:
Մեղավոր ճանաչեք Թալեաթ փաշային և նրա համախոհներին:
Թալեաթի անունը կրող փողոցներից ու պուրակներից հանեք այդ անունը»:
Հայերից ներողություն խնդրելու համացանցային արշավին մասնակցած և իր խղճմտանքի ստորագրությունը դրած Էզմանը հայտարարել է.
«Թուրքիայում առաջին անգամ է նման դատ բացվում: Թուրքիան պետք է հաշվի նստի իր անցյալի հետ»:
Թուրք փաստաբանը պահանջում է, որպեսզի հետաքննություն սկսվի Թուրքիայի քրեական օրենսգրքի «Հանցանքը և հանցագործին գովերգելու և մարդկության դեմ ուղղված հանցագործություն կատարելու» հոդվածի հատկանիշներով:
Իսկ այն հարցին, թե արդյոք չեք վախենում վտանգավոր հակազդեցությունից, փաստաբան Բենդալ Ջելիլ Էզմանը պատասխանել է. «Եթե ինձ հետ պիտի մի բան պատահի, ուրեմն դա աստծո կամքն է»:
Նշենք, որ թուրքական մամուլն այդ իրադարձությունը համարել է շոկային: