ՀԱՕԿ-ի հովանու ներքո կանցկացվի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ապրիլի 6-10-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀԱՕԿ-ի հովանու ներքո կանցկացվի բռնցքամարտի միջազգային մրցաշարը : Այն կդառնա ավանդական մրցաշար: Լավագույն արդյունքներ արձանագրած բռնցքամարտիկները կարժանանան հենց ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից սահմանված մրցանակին: Միջազգային այս մրցաշարն անցկացվում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ընդգրկված է Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի` EUBC-ի 2010 թ. միջոցառումների օրացուցային պլանում:
Ընդհանուր առմամբ` մասնակցության հայտ են ներկայացրել 13 երկրների` Հայաստանի, Բելառուսի, Բուլղարիայի, Գամբիայի, Վրաստանի, Իրանի, Ղազախստանի, Մակեդոնիայի, Մոլդովայի, Մոնղոլիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի բռնցքամարտիկները: Նշված երկրներից Մակեդոնիան, Մոնղոլիան, Ուզբեկստանը մասնակցության հայտ թեև ներկայացրել են, բայց մինչ օրս չեն հաստատել իրենց մարզիկների ամբողջական կազմը:
Մարզական պատվիրակությունները Երևան կժամանեն ապրիլի 5-ին: Մասնակիցների ընդհանուր թիվը հասնում է 153-ի, որոնցից 109-ը մարզիկներն են: Մրցապայքարը կընթանա հետևյալ քաշային կարգերում` 48, 51, 54, 57, 60, 69, 75, 81, 91, +91 կգ:
Ավելացնենք, որ արդեն վերջնականապես հաստատվել է մրցաշարի անցկացման ծրագիրը, որի համաձայն բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 6-ին, ժամը 15:00-ին: Մարտերը կկայանան ամեն օր, սկսած ժամը 16:00-ից, իսկ եզրափակիչ մենամարտերը կմեկնարկեն ապրիլի 10-ին, ժամը 12:00-ին: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի կենտրոնից:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին