Թուրքիայի փոխվարչապետ. Մենք տեր ենք արձանագրություններում դրած մեր ստորագրությանը
Նախօրեին գումարվել էր թուրքական կառավարության հերթական նիստը: Ավարտից հետո Թուրքիայի կառավարության խոսնակ, պետնախարար և փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը հանդիպել է լրագրողների հետ և հանդես եկել որոշակի պարզաբանումներով: Այս մասին տեղեկացնող «Զաման» (Zaman) թերթը նշում է, որ փոխվարչապետին լրագրողներից մեկը հարցրել է.
«Հայաստանի և Թուրքիայի միջև առկա արձանագրային գործընթացում Հայաստանի կողմից որոշ հայտարարություններ են հնչում արձանագրությունների գործընթացի հնարավոր դադարեցման վերաբերյալ: Այսուհետև ի՞նչ է լինելու»:
Էրդողանի տեղակալը պատասխանել է, որ եթե հարկ լինի այդ առնչությամբ Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ:
«Թուրքիան իր ստորագրած պայմանագրի թիկունքին կանգնած է: Սակայն ներկայիս զարգացումները մեր կամքից դուրս են: Անհրաժեշտ է, որ աշխարհի հանրությունը տեսնի, որ եթե գործընթացը տապալվի, ապա դա ոչ թե թուրքական կողմի, այլ ուրիշի պատճառով է: Այս գործընթացն փակուղի մտցնելու պատճառներից մեկը Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումն է»:
Չիչեքը տեղեկացրել է, որ թեև կառավարության նիստում չի քննարկցել հայ-թուրքական կարգավորման հարցը, բայց ամեն դեպքում Թուրքիան տեր է իր դրած ստորագրությանը: