Էրդողան. Հայաստանի հետ հնարավոր է մերձեցում ապահովել
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել հեռուստաեթերով, որի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, հայ-թուրքական կարգավորման գործընթացներին: Ինչպես տեղեկացնում է «Սի Էն Էն թուրք» (CNNTurk) լրատվական ծառայությունը, Էրդողանը դարձյալ խոսել է արխիվները բացելու անհրաժեշտության մասին:
Նշելով, որ թուրքական բոլոր արխիվները բաց են ուսումնասիրությունների համար` Էրդողանն ասել է. «Երրորդ երկրներում եթե կան այդպիսիք, ապա թող բացվեն, թող ուսումնասիրվեն բոլոր վավերաթղթերն ու հետո նոր քայլ կկատարենք»:
Թուրքական կառավարության ղեկավարը հայտարարել է, որ Թուրքիան ճնշումների ենթարկվող երկիր չէ: Նա ճիշտ չի համարել երրորդ երկրների ընդգրկումը ցեղասպանության հարցի շուրջ քննարկումներում, քանի որ նրանք պատմական այդ խնդրի կողմեր չեն հանդիսանում:
«Եթե այդ պատմական իրադարձությունը կողմեր ունի, ապա դա Հայաստանն է և Թուրքիան: Այսօր բոլոր խորհրդարանների ու խորհրդարանականների առաջնահերթ պարտականությունը մեր օրերի արյունածոր վերքերն արագ դարմանելն է»:
Էրդողանն ընդգծել է, որ Անկարան նպատակադրված է շրջական բոլոր պետությունների հետ ջերմ հարաբերություններ հաստատել և զարգացնել: Որպես օրինակ` մատնանշել է Սիրիան, որի հետ Թուրքիան մինչև վերջերս տարաձայնություններ ուներ, իսկ այժմ արդեն որոշակի մերձեցում կա: Նմանապես և Հունաստանի, Իրաքի, Իրանի, Վրաստանի հետ. այդ երկրների հետ Անկարան անցյալի համեմատությամբ առավել լավ բարիդրացիության մեջ է:
«Հայաստանի հետ ևս հնարավոր է նման մերձեցում ապահովել: Այդ հարցում մենք որևէ կանխակալ մոտեցում չունենք: Բայց երբ խնդրին խառնվում են երրորդ երկրները, խոչընդոտներ են հարուցվում: Ստեղծված լարվածությունը բնավ չի ծառայում երկխոսությանը»,- ասել է Թուրքիայի վարչապետը` հավելելով, որ անհրաժեշտ է պատմաբաններին թողնել պատմության այս կամ այն անցքի վրա լույս սփռելը: