«Ես արվեստագետ եմ ու իմ գործով եմ զբաղվում»… «Ես չեմ կարող անջատել իրենց անցյալը ներկայից»
«Բնականաբար, մենք լարված հարաբերություններ ունենք Ադրբեջանի, Թուրքիայի հետ: Բայց մոռանում ենք, որ ժողովուրդն ու քաղաքականությունը տարբեր բաներ են: Ոչ թե պետք է քարկոծենք, այլ ժողովուրդը ժողովրդին պետք է բացատարի, որ քո երկիրը սխալ է: Արվեստագետն ուզում է հանդիպել, շփվել այլազգի իր գործընկերների հետ: Ես արվեստագետ եմ ու իմ գործով եմ զբաղվում:
Այո, շատ հնարավոր է, որ առիթի դեպքում ես նույն բեմում հանդես գամ նաև ադրբեջանցու հետ»,- ասուլիսում նման պատասխան տվեց աշխարհահռչակ դուդուկահար, երգահան, Հայաստանի ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը լրագրողների այն հարցին, թե ադրբեջանցի հայտնի քամանչահար Իմամյար Հասանովն ասել է, որ իր ամենամեծ երազանքն աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ մեկ բեմում հանդես գալն է, հնարավո՞ր է այդպիսի բան:
Ըստ Ջ. Գասպարյանի, 15 տարեկան թուրքն այսօր մեղավոր չէ, որ իր պապերը 1915 թվականին սպանել են հայերին:
«Սա պետք է հասկանանք ու ժողովուրդներին չլարենք միմյանց դեմ. ժողովուրդները պետք է իրար նկատմամբ լավ տրամադրված լինեն»,- ասաց նա:
Ասուլիսին ներկա ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրո) այս հարցի վերաբերյալ լրիվ այլ կարծիք հայտնեց.
«Իմ պատկերացմամբ, եթե խոսքը գնում է թուրքերի մասին, ես մի քիչ այլ կերպ եմ մտածում: Ես չեմ կարող անջատել իրենց անցյալը ներկայից, քանի որ մինչև հիմա այդ նույն 15 տարեկան երեխան գնում ու ծաղիկներ է դնում ցեղասպանություն իրագործած մարդասպանների գերեզմանին»:
Նա ասաց, որ իրեն էլ թուրքական տարբեր կազմակերպություններ շատ անգամներ առաջարկել են համերգ ունենալ Թուրքիայում, սակայն միշտ մերժել է ու բացատրել. «Երբ որ հասարակ թուրքը կդադարի ծաղիկ դնել ցեղասպանության կազմակերպիչների գերեզամաններին, այդ ժամանակ ես կմտածեմ այդ մասին»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները