Ադրբեջանցի քամանչահարի երազանքն է Ջիվան Գասպարյանի հետ հանդես գալ մեկ բեմում
Ադրբեջանցի հայտնի քամանչահար Իմամյար Հասանովը համերգային ծրագրով ելույթ է ունեցել Ստամբուլում Նովրուզ տոնի արարողություններին ընդառաջ: Համերգների շարքն անցել է «Խաղաղություն և բարեկամություն աշխարհին» խորագրի ներքո: Հյուրախաղերից զատ ադրբեջանցին հանդիպել է Հուրիյեթ թերթի լրագրողին և կիսվել իր տպավորություններով: Նա խոսել է նաև ԼՂ հակամարտությունով պայմանավորված հայ-ադրբեջանական լարված հարաբերություններից և կոչ արել զերծ մնալ ռազմածին գործողություններից ու խաղաղությամբ ու բարությամբ լցվել մեկմեկու հանդեպ:
Հասանովը, վկայակոչելով քաղաքական լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ասել է. «Խորհրդային միության տարիների մենք ապրել ենք խաղաղութւյան մեջ: Ինչ պատահել է, տեղի է ունեցել դրա փլուզումից հետո: Այդ իրադարձությունները քաղաքական են, և ադրբեջանցիները հոգնել են այդ ամեն ինչից»:
Խոսելով քամանչայի ծագումնաբանությունից, նա ասել է. «Քամանչան այս տարածաշրջանի մշակույթն արտահայտող գործիք է: Այն նվագում են թե հայերը, թե իրանցիները, թե ուզբեկները: Երաժշտական այս գործիքի ծագումնաբանության մասին ընթացիկ տարաձայնությունները անմտություն են, քանի որ երաժշտության լեզուն համամարդկային է և բարեկամություն է խորհրդանշում: Այն ոչ մի կերպ կապված չէ խտրականությունների և հակամարտությունների հետ», - ասել է երաժիշտը:
Հասանովը, խոսելով հայ արվեստագետների հետ համագործակցության մասին, ասել է, որ իր ամենամեծ երազանքն աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ մեկ բեմում հանդես գալն է: Նա ողջունել է հայ և ադրբեջանցի արվեստագետների ընդհանուր ամեն նախագիծ, որը միտված կլինի բարեկություն ու խաղաղություն սերմանելու երկու ազգերի ներկայացուցիչների միջև:
«Ես հավատում եմ այդ գաղափարին: Հավատացած եմ, որ երաժշտության համամարդկային լեզուն կմիավորի մեզ: Եթե ես ստանամ նմանատիպ նախագծի մասնակցության հրավեր, ապա միշտ պատրաստ կլինեմ այն իրականացնելու», - ասել է երաժիշտը: