Ասոյան. ««Նորք» ինֆեկցիոնում նույնիսկ խոզի գրիպի կասկածելի դեպք չկա»
Հանրապետությունում խոզի գրիպի նոր դեպքեր չեն գրանցվում: Այս մասին Panorama.am-ին հավաստում են թե՛ հանրապետության գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը, թե՛ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների հսկման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը:
Ա. Ասոյանը վստահեցրեց, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում խոզի գրիպով վարակվածության նույնիսկ կասկածելի դեպքեր չկան, իսկ Ա. Ավետիսյանն էլ նշեց, որ հանրապետությունում այս առումով իրավիճակը վերահսկվելի է ու նոր դեպքեր չեն գրանցվել:
«Մենք մոնիտորինգներ ենք անցկացնում և հավատացած եղեք, որ ոչ մի նոր դեպք չի եղել: Հիմնականում աշխարհում էլ է վիճակը հանդարտ: Դեպքեր գրանցվում են Աֆրիկյան երկրներում, բայց ոչ այն արագությամբ, ինչ համաճարակի ժամանակ էր»,-ասաց Լ. Ավետիասյանը:
Ինչ վերաբերում է հարևան Իրանից օրերս դեպի Հայաստան իրանցիների «հոսքին», ու հարցին` արդյո՞ք նրանք կարող էին վարակի «բերման» առիթ դառնալ, Լ. Ավետիսյանը նշեց, որ, ընդհանրապես, անհանգստանալու կարիք չկա, քանի որ Իրանում իրավիճակը այդ առումով «շատ լավ է»:
Նա նկատեց, որ Իրանում խոզի գրիպով հիվանդացության ոչ մի դեպք չկա, բացի այդ ավելացրեց, որ օդանավականայններում մարդկանց ջերմաստիճանի ստուգումները` համապատասխան սարքի միջոցով, շարունակվում են:
Խոսելով սուր շնչառական վարակներից (ՍՇՎ), Ա. Ասոյանը նշեց.
«Այ դա իսկապես անհանգստանալու առիթ է տալիս»:
Ըստ նրա, ՍՇՎ-ներով վարակվածության դեպքերն ավելանում են, հիմնականում այն դիտվում է երեխաների շրջանում:
Լ. Ավետիսյանն էլ նշեց, որ նախարարությունը մոնիտորինգ է անցկացնում ու այս տարի ՍՇՎ-ների գրանցված դեպքերի թիվը չի գերազանցում անցյալ տարվա ցուցանիշին:
«Կա մրսածության գործոնը, որը այսպիսի փոփոխական եղանակին նպաստում է մարդկանց մոտ սուր շնչառականի նախանշանների հայտնվելուն»,-նշեց տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների հսկման բաժնի պետը:
Հարակից նորություն`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան