Դավութօղլուն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականներին
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Թուրքիայի հետ բարեկամության խորհրդարանական խմբի համանախագահ Էդ Վիթֆիլդի գլխավորած պատվիրակության հետ: Թուրքիայի ԱԳՆ-ում կայացած հանդիպումից հետո հայտարարությամբ հանդես եկած ԱՄՆ կոնգրեսականը նշել է, որ կողմերը քննարկել են Հայոց ցեղասպանության բանաձևի, աֆղանական հարցում Թուրքիայի դերակատարման, Սերբիայի և Բոսնիա-Հերցեգովինայի միջև միջնորդությունան, Իսրայելի հետ հարաբերությունների և թուրք-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ հարցեր: Այս մասին հայտնում է «Ջումհուրիյեթը» (Cumhuriyet):
Վիթֆիլդը կարևորել է Երևանի ու Անկարայի միջև մեկնարկած երկխոսության գործընթացի զարգացումը: Նա կարծիք է հայտնել, որ պատմական խնդիրները անհրաժեշտ է, որ քննարկվեն հենց Հայաստանի ու Թուրքիայի միջև:
Վաշինգտոնից հետ կանչված Թուրքիայի դեսպան Նամըք Թանի վերադարձի հարցում ամերիկացի կոնգրեսականը հայտնել է իրենց լավատեսութունը` ասելով.
«Հուսով ենք, որ Թուրքիայի հետ կշարունակվեն մեր բնականոն հարաբերությունները»: Իսկ ապրիլի 24-ին Բարաք Օբամայի ելույթի առնչությամբ Վիթֆիլդը նշել է. «Մենք էլ բավականաչափ տեղեկացված չենք: Բայց լավատես ու հույսով ենք, որ թուրքանպաստ ելույթ կունենա»: