Դավութօղլու. Թուրքերն ամեն տեղ էլ կարող են հայերի հետ խոսել
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն իր ղեկավարած գերատեսչությունում հանդիպել է լրագրողների հետ: Ի թիվս այլ հարցերի` արծարծվել է նաև հայ-թուրքական թեման: Ըստ «Զաման» (Zaman) օրաթերթի` Դավութօղլուն, անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ ունեցած իր վերջին հեռախոսազրույցին, նշել է, որ դա ընթացել էր բավականին ջերմ ու կառուցողական մթնոլորտում:
«Այդ ժամանակ Քլինթոնն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հետ միասին նաև հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում առկա զարգացումներին: Այդ հարցում ես հնարավորություն ունեցա Թուրքիայի համոզմունքները, ակնկալիքներն ու մտահոգություններն անմիջական կերպով փոխանցել պետքարտուղարին»,- ասել է Դավութօղլուն:
Նա նաև նշել է, որ առաջիկա օրերին Անկարան ավելացնելու է ջանքերը ԱՄՆ-ի հետ բազմակողմանի համագործակցությունը պահպանելու, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի կենսունակությունն առողջ կերպով շարունակելու և Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ:
Իսկ այն հարցին, թե արդյոք Էրդողանը մեկնելու է Վաշինգտոն և հանդիպելու է հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ, Թուրքիայի արտգոծնախարարը պատասխանել է, որ հենց որոշվի Էրդողանի Վաշինգտոն մեկնելու հարցը, այդ մասին ևս կտեղեկացվի:
«Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացից դուրս ևս թուրքերը կարող են հայերի հետ ամեն տեղ հանդիպել և խոսել»,- նշել է Դավութօղլուն` այդ իմաստով կարևորելով սփյուռքյան շրջանակների հետ իրենց հարաբերվելը: