CNNTurk. Էրդողանը մեկնելու է Միացյալ Նահանգներ
Թուրքիայի ամենամեծ ընդդիմադիր խորհրդարանական ուժի` «Ժողովրդահանրապետական» կուսակցության ղեկավար Դենիզ Բայքալը հայտարարել է, որ արդեն հայտնի է դարձել. Էրդողանը մեկնելու է Վաշինգտոն` մասնակցելու ապրիլի 12-13-ը կազմակերպվելիք Գլոբալ միջուկային անվտանգության գագաթաժողովին:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «CNNTurk» լրատվական ծառայությունը: Աղբյուրի հաղորդմամբ` Բայքալն ասել է. «Վարչապետ Էրդողանը հայկական բանաձևից հետո տրված հակազդեցությունում հետքայլ արեց: Իրադրությունը մտահոգիչ է»:
Թուրքական «Zaman»-ի տեղեկացմամբ էլ` Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ մեկնելու կապակցությամբ դրական որոշում է ընդունել: Նշվում է նաև, որ որոշվել է կրկին Վաշինգտոն գործուղել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումից հետո խորհրդակցությունների նպատակով հետ կանչված թուրք դեսպան Նամըք Թանին: