«Հյուրրիյեթ» . 4 կարևոր նկատառում` թուրք դեսպանի Վաշինգտոն վերադառնալու հիմքում
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց Ցեղասպանության բանաձևի ընդունումից հետո խորհրդակցությունների նպատակով Վաշինգտոնից հետ կանչված Թուրքիայի դեսպան Նամըք Թանի վերադարձի հարցը քննարկվել է Թուրքիայի նախարարների խորհրդի նիստում:
Թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) թերթի տեղեկացմամբ` նիստում քննարկվել է նաև ապրիլի 12-13-ին Վաշինգտոնում կազմակերպվելիք Գլոբալ միջուկային անվտանգության գագաթաժողովին Թուրքիայի մասնակցության հարցը: Հղում տալով դիվանագիտական աղբյուրներին` «Hurriyet»-ը հայտնում է, որ նախարարների խորհուրդը դրական է վերաբերվել թուրք դեսպանի` ԱՄՆ վերադառնալու հարցին, իսկ վաշինգտոնյան գագաթաժողովին մասնակցելու կմեկնի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն: Վարչապետ Էրդողանի մասնակցության հարցն առայժմ մնում է առկախ:
Նշվում է, որ Նամըք Թանի ԱՄՆ վերադարձի և դիվանագիտական առաքելության շարունակման հիմքում ընկած է 4 կարևոր նկատառում.
1. Կընկալվի իբրև բողոք
Հեռախոսազրույցի ժամանակ պետքարտուղար Քլինթոնը և Դավութօղլուին և Էրդողանին Օբամայի անունից պաշտոնապես հրավիրել է մասնակցելու այդ գագաթաժողովին: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակն էլ ցանկություն էր հայտնել, որ կարճ ժամանակում Թանը վերադառնա Վաշինգտոն:
Եթե Թանը չվերադառնա, Թուրքիան չմասնակցի գագաթաժողովին, ապա դա կընկալվի իբրև ԱՄՆ իշխանությունների դեմ ուղղված բողոքի կոշտ դրսևորում:
2. Բանաձևի դեմ տրված ազդանշաններ
Քլինթոնը զորեղ ազդանշաններ է տվել, որ Հայոց ցեղասպանության բանաձևը Պալատի լիագումար նիստի չի ուղարկվի, իսկ ապրիլի 24-ին էլ Օբաման չի գործածի «ցեղասպանություն» բառը:
3. Հայաստանին հաղթաթուղթ կտրվի
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մասնակցության հրավեր է ուղարկել նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Նա ընդունել է Վաշինգտոն մեկնելու հրավերը: Գուցեև ապրիլի 13-ին Օբաման ծրագրում է հանդիպում կազմակերպել Սարգսյանի և Էրդողանի միջև: Ոչ միայն Հայաստանի այլ նաև ողջ կովկասյան տարածաշրջանի խնդիրներին միջամուխ եղած Թուրքիան, եթե չմասնակցի գագաթաժողովին, ապա կհայտնվի բանակցության սեղանից փախչողի կարգավիճակում:
4. Իրանի հարցում որդեգրված քաղաքականությանը հակառակ
Գագաթաժողովում հանգամանորեն քննարկվելու է Իրանի միջուկային գործունեությունը: Այդ հարցի դիվանագիտական լուծմանը մշտապես կողմ կեցվածք դրսևորած Թուրքիան եթե չմասնակցի գագաթաժողովին, ապա կհակասի իր իսկ ընտրած ուղեգծին:
5. Էրդողանն այսօր որոշելու է Վաշինգտոն մեկնել-չմեկնելու հարցը
Վարչապետ Էրդողանն այսօր որոշում կընդունի ԱՄՆ մեկնել-չմեկնելու վերաբերյալ: «Այժմ քննարկում ենք այդ հարցը: Եթե որոշվի, որ ես չեմ մեկնելու, ապա իսկույն կուղարկեմ մեր դեսպանին»,- ասել է Էրդողանը: