Սրճարան են կառուցում` փակում Վիկտոր Համբարձումյանի արձանը
Այսօր «Սպառողների ասոցիացիան» ու այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, ակադեմիկներ քննարկում էին կազմակերպել` կապված Հայաստանի Ազգային գրադարանի և Ագրարային պետական համալսարանին հարող տարածքում, մասնավորապես, Վիկտոր Համբարձումյանի հուշարձանի մոտ կատարվող շինարարության վերաբերյալ:
«Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը նշեց, որ քննարկման նպատակն է հասարակական, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ ջանքերով ևս մեկ անգամ ուշադրություն գրավել այդ փաստի վրա և որոշակի քայլեր ձեռնարկել շինարարությունը կասեցնելու նպատակով, կամ խնդրի այլ լուծում գտնել:
Քննարկման մասնակիցները հավաստում են, որ արձանի երկու կողմով կառուցվող ու նաև արձանը փակող շինությունը, որը հետո պետք է վերածվի սրճարանի, ոչ միայն «անտեսանելի է դարձնում» Համբարձումյանի արձանը, այլև` դարձել է տասնյակ ծառերի հատման պատճառ: Բնապահպան Կարինե Դանիելյանը նշեց, որ քննարկվում են քաղաքի ընդհանուր կորուստները` էկոլոգիական ու մշակութային առումով: Վ. Համբարձումյանի արձանին հարող տարածքում սրճարանի կառուցման համար բնապահպանին դիմել էին նաև Ագրարային համալսարանից` մոտ տասը օր առաջ: «Ես գնացել եմ քաղաքապետարան, խոսել եմ գլխավոր ճարտարապետի գրասենյակի հետ ու իրենք ինձ ասել են, որ ոչ մի նոր աշխատանքների համար թույլտվություն չկա»,- ասաց Կ. Դանիելյանը: Սակայն նա ավելացրեց, որ այսօր խոսել է քաղաքապետի հետ, վերջինս իրեն վստահեցրել է, որ այգում կային հին շինություններ, որոնց տեսքը ազդել է այգու ընդհանուր տեսքի վրա ու ավելի բացասական է ազդել հուշարձանի վրա:
Կ. Դանիելյանը ավելացրեց, որ պետք էր քաղաքապետարանի ներկանացուցիչը ներկա լիներ քննարկմանը: «Բայց եթե քաղաքապետարանն իր խոսքը չի ասում, այդ դեպքում, իրոք, վիճակը շատ դժվար է»,- ասաց Կ. Դանիելյանը: Բնապահպանը չբացառեց, որ հրանավոր է «մի բան կառուցելու թույլտվություն են ստանում, մեկ այլ բան են կառուցում» սկզբունքն է գործում, որի վրա, նրա գնահատականով, քաղաքապետարանը աչք է փակում:
Վերջում նա նկատեց, որ վերջին տասը տարիներին Երևանի կառուցապատումն իրականացվել է լիովին հակաէկոլոգիական ուղղությամբ: Հակաէկոլոգիական` բոլոր առումներով. սեյսմիկ անկայուն վիճակներն ավելացել են, էկոլոգիական վիճակը, օդային ավազանը, կանաչ տարածությունները, տրանսպորտի գերխտացումը կենտրոնում, ամեն ինչ վատացել է: Իսկ մշակութային օբյեկտները, ըստ նրա, հերթով կորցնում են իրենց արժեքը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան