Դավութօղլու. Մենք ցանկանում ենք հայերի հետ խաղաղ գոյակցել
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն հարցազրույց է տվել իտալական «L'Espresso'da» շաբաթաթերթին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սի Էն Էն թուրք» (CNNTurk) լրատվական ծառայության կայքը: Աղբյուրի համաձայն` Դավութօղլուն խոսել իրանական հարցի, թուրք-իսրայելական, Եվրամիություն-Թուրքիա և հայ-թուրքական հարաբերությունների մասին: Իրանական հարցի առնչությամբ Դավութօղլուն ասել է մասնավորապես հետևյալը.
«Ոչ Իրանը, ոչ Իսրայելը և ոչ էլ մեկ այլ պետություն չպետք է միջուկային զենք ունենան: Մերձավոր արևելքում չպետք է կիրառվի միջուկային զենք»:
Թուրքիայի արտգործնախարարը ճիշտ չի համարել նաև այն, որ միջուկային սպառազինության մեջ գտնող արևմտյան պետություններն Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մտադրություններ ունեն:
Անդրադառնալով Իսրայել-Թուրքիա հարաբերություններին` Դավութօղլուն նկատել է տվել, որ դրանք լավ էին մինչև 2008 թվականը: Սակայն պատերազմը Գազայի հատվածում ամեն ինչ փչացրեց:
«Իմ կարծիքով, սակայն, հնարավոր է վերադառնալ 2008-ին նախորդող լավ ժամանակների իրավիճակին, միայն թե դրան հասնելու համար անհրաժեշտ է ջանքերի գործադրում ամենքի կողմից»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը: Վերջինս խոսել է նաև Թուրքիայի եվրաանդամկցության գործըթացի մասին` վերահաստատելով Անկարահի վճռականությունը եվրաինտեգրման հարցում:
Դավութօղլուն ընդգծել է, որ Եվրամիությունում դեռ լավ չեն ճանաչում Թուրքիային, առավել ևս նրա տնտեսական ներուժը:
«Ոչ մեկից նույնիսկ առանց մեկ եվրո որպես օգնություն վերցնելու 7 տարում կարողացանք մեծ առաջընթաց ունենալ: Հզոր տնտեսությունների դասակարգման աղյուսակում 26-րդ տեղից հայտնվեցինք 17-րդում»,- ասել է Դավութօղլուն:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հերթական անգամ դատապարտել է ԱՄՆ-ի և Շվեդիայի օրենսդիրների կողմից Ցեղասպանության բանաձևերի ընդունման իրողությունը` պատճառաբանելով, որ խորհրդարանները պատմական գնահատականներ տալու վայրեր չեն:
«Սա ասում եմ ոչ միայն որպես նախարար, այլ նաև որպես մտավորական, գիտնական... Այդ ժամանակաշրջանի օսմանցու դրությունը հասկանալը բավականին դժվար է»:
Դավութօղլուն նաև ընդգծել է, որ թուրքերը հայերի հետ դարեր շարունակ խաղաղ գոյակցել են ու դա չպետք է մոռացվի: «Մենք մտադիր ենք շարունակել դա»: