ԱՄՆ-ն ողջունել է Թուրքիայի վարչապետի որոշումը
Ամերիկայի Միացյալ նահանգները ողջունել է Թուրքիայի որոշումը հետ ուղարկել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանին: «Մենք ողջունում ենք այդ որոշումը», -լրագրողներին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո խոսնակ Ֆիլիպ Քրոուլին, հաղորդում է AFP-ն:
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ինքն ընդունում է ԱՄՆ նախագահի հրավերը` այցելել Վաշինգթոն և մասնակցել ապրիլի 12-13-ին կայանալիք Միջուկային անվտանգության գագաթաժողովին: Նա նաև ասել էր, որ մինչ այդ` հաջորդ շաբաթվա ընթացքում, դեսպան Թանը կվերադառնա ԱՄՆ:
«Միացյալ նահանգները և Թուրքիան ունեն շատ նշանակալի ռազմավարական հարաբերություններ: Շատ գործեր կան, որ մենք միասին պետք է ավարտին հասցնենք և այդ աշխատանքն առավել արդյունավետ կլինի այն դեպքում, երբ մենք այստեղ` Վաշինգթոնում միջնորդ ունենանք», հավելել է Քրոուլին:
Հիշեցնենք, որ թուրք դեսպան Նամըք Թանը մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Ցեղասպանության մասին թիվ 252 բանաձևի ընդունումից հետո հետ էր կանչվել Թուրքիա: