Լ.Գալստյան. «Թքած ունեն լեզվի ու հանրային շահի վրա»
Ազային Ժողովի հայտարարությունների ժամին ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանն անդրադարձավ հայոց լեզվի պահպանման խնդրին: Պատգամավորը նշեց, որ հայոց լեզուն աղավաղվում է ամենուրեք, բավական է միայն փողոցներով շրջել և տեսնել կիսագրագետ, ժարգոնային, լատինատառ պաստառներ ու ցուցանակներ: Եվ ամենևին էլ կապ չունի, որ նշում ենք մայրենի լեզվի օր` լեզուն պաշտպանության կարիք ունի:
Պատգամավորը նշեց, որ թեև ունենք «Լեզվի մասին» օրենք, 2002 թ-ին հաստատված լեզվաքաղաքականության պետական ծրագիր, ինչպես նաև Լեզվի պետական տեսչություն, որը վերահսկողական գործառույթներ է իրականացնում, բայց «միայն թղթի վրա է ամեն ինչ հրաշալի »
Ի դեպ, ըստ պատգամավորի միամիտ է կարծել, որ Լեզվի տեսուչը 50 հազար դրամ տուգանքով կարող է պայքարել սեփականատիրոջ դեմ` պաշտպանել ՀՀ օրենքն ու հանրային շահը. «Նա, ով կանաչ այգիներ է զավթում, խաղահրապարակներ է փակում, շարունակում ժամկետանց ապրանքներ իրացնել թքած ունի ազգային ու հանրային շահի վրա»,- ասաց Լ.Գալստյանը և հավելեց, որ նման ամենակարողության մթնոլորտում, գավառամիտներին հավանաբար թվում է, թե եվրոպական ինտեգրման ճանապարհն են բռնել: