Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը` Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մասին
Իրանից եկած իրավապաշտպան և Խաղաղության 2003 թվականի Նոբելյան մրցանակակիր Շիրին Էբադին (Shirin Ebadi) այսօրվա ասուլիսում կարծիք հայտնեց, որ հետխորհրդային երկրների շարքում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության առումով վիճակը բարվոք է: «Դրա համար էլ որոշեցինք այստեղ կազմակերպել Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 37-րդ համագումարը», -այսօրվա ասուլիսում հայտարարեց նա` չմոռանալով դրա համար շնորհակալություն հայտնել Հայաստանի իշխանություններին:
Իրանցի իրավապաշտպանը դեպքեր մեջբերելով նշեց, որ շատ երկրներում, մասնավորապես իր հայրենիքում, լրագրողներ են պահվում զնդաններում, իրավապաշտպանների գործունեությունն է սահմանափակվում:
«Ես Ղազախստանից մի լրագրող ընկեր ունեի, որին լռեցնելու համար նրա երկու դստրերին սպանեցին հենց նրա աչքի առաջ: Նույն անազատ վիճակն է նաև Տաշքենդում ու Բաքվում», -նկատեց Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը:
Լրագրողի դիտարկմանը, թե Հայաստանը, ի տարբերություն իրանցի բանախոսի թվարկած երկրների, Եվրոպայի խորհրդի անդամ է և համեմատել պետք է եվրոպական արժեքներ կրող երկրների հետ, Շիրին Էբադին չպատասխանեց, այլ ուղղակի նկատեց.
«Մենք որ այստեղ էինք գալիս, գիտեինք, որ մարդու իրավունքների խախտումներ Հայաստանում կան: Բոլորս միասին կաշխատենք իրավիճակը հարթելու համար»:
Հարակից նորություն` FIDH նախագահը` մարտյան իրադարձությունների մասին. «Այդ ոճիրը չպետք է մնա անպատիժ, պետք է մեղմվի այդ մարդկանց տառապանքը»