Երկրի ղեկավարն ընդունել է Հաագայի դատարանի գլխավոր դատախազին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հաագայի միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո-Օկամպոյին: Նա մեր երկիր է ժամանել` մասնակցելու մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 37-րդ համաժողովի աշխատանքներին: Այս մասին հաղորդում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
Ողջունելով հյուրին` Նախագահ Սարգսյանն ասել է. «Մեզ համար շատ կարևոր է մարդու իրավունքների պաշտպանության, մարդկության դեմ կատարված հանցագործությունների դատապարտման գործում մեծ մասնակցություն և հարուստ փորձ ունեցող մարդկանց ներկայությունը մեր երկրում, հատկապես, որ վերջին շրջանում շատ է խոսվում մարդկության դեմ գործված ամենադաժան ոճիրներից մեկի` հայոց ցեղասպանության մասին»:
Դատախազ Լուիս Մորենո-Օկամպոն նշել է, որ իրենց գործունեությունն ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանը, և առաջնային նպատակներից մեկն էլ հենց հետագա ցեղասպանությունների կանխարգելումն է:
Հանրապետության Նախագահը և Հաագայի միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազը քննարկել են համագործակցության հնարավորությունները, թե ինչպես դատարանը կարող է օգնել Հայաստանին ավելի պաշտպանված լինելու: