Հայ 11 աշակերտ միջազգային ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովում եղել են լավագույնների շարքում
Երևանի ավագ դպրոցների 11 աշակերտները աշխարհի տարբեր անկյուններից ժամանած դպրոցական միջազգային ՄԱԿ-ի մոդել ակումբների ավելի քան 500 լավագույն աշակերտների թվում են եղել: Այս մասին այսօր կայացած ասուլիսում ասաց ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Նշենք, որ Հայաստանի 14 անձից բաղկացած պատվիրակությունը մասնակցել է մարտի 21-24-ը Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովին:
Խորհրդաժողովը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նմանակումն էր և կրում էր « Ջրային հիմնախնդիրներ» խորագիրը: Խորհրդաժողովի հիմնական նպատակն էր տարածել ՄԱԿ-ի արժեքներն ու սկզբունքները և քաջալերել նոր սերնդին` դառնալ ապագա առաջնորդներ: Խորհրդաժողովը կազմակերպել էին Սանկտ Պետերբուրգի թիվ 157 միջազգային Գիմնազիան և «Ռուսսկիե Պրոստորի» կազմակերպությունը:
«Մենք հպարտանում ենք ձեզանով: Լավ գիտելիքների և ունակությունների շնորհիվ մեր աշակերտները կարողացել են օտար երկրում ցույց տալ, որ կարող են լինել լավ առաջնորդ և առաջարկված հիմնահարցերին լուծումներ տալ դիվանագիտորեն»,-հավելեց Ն. Հովհաննիսյանը:
ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի գործադիր տնօրեն Արփինե Դանիելյանը նշեց, որ ՄԱԿ-ի մոդելին մասնակցելու համար նախապես պլանավորված էր անցկացնել երկու փուլ, սակայն այնքան շատ խելացի աշակերտներ էին դիմել և բավականին դժվար է եղել ընտրել լավագույններին, դրա համար կազմակերպվել է նաև երրորդ փուլը, որի արդյունքում ընտրվել են լավագույն 11 մասնակիցները: Նա հայտնեց, որ ընտրված լավագույն 11 աշակերտները երեք ամիս շարունակ անգլերեն լեզվով նախապատրաստվել են` միջազգային ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովին լավ ներկայանալու համար:
Նա նշեց, որ մեր աշակերտները խորհրդաժողովում հանդես են եկել որպես այլ պետությունների` Սոմալիի և Լիբիայի պատվիրականեր, և հրաշալի կարողացել են առաջարկել իրենց բանաձևերը: Իսկ Հայաստանի պատվիրակությունը խորհրդաժողովում ներկայացրել են Պորտուգալիայից ժամանակ աշակերտները:
«Այս խորհրդաժողովի արդյունքում մենք ձևավորեցինք այն հիմնական թիմը, որոնց անդամները մայիսի վերջին մեր իսկ օգնությամբ կկազմակերպեն Երևանյան խորհրդաժողովը, որին կմասնակցեն հանրապետության ավագ դպրոցների աշակերտները, իսկ այս 11 աշակերտներն էլ կնախագահեն Երևանյան խորհրդաժողովը»,-ասաց նա:
ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի հանրային կապերի պատասխանատու Ամալյա Գրիգորյանը նշեց, որ ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովները ՄԱԿ-ի որևէ մարմնի (Գլխավոր Ասամբլեան իր հիմնական կոմիտեներով կամ Անվտանգություն խորհուրդ) նմանակումն է: Նա ներկայացրեց, որ խորհրդաժողովի ընթացքում պատվիրակները հանդես են գալիս հմուտ դիվանագետների դերում, բանավիճում են միջազգային հիմնախնդիրների շուրջ, նախագծում և ընդունում են քննարկվող հարցերի վերաբերյալ բանաձևեր:
ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովներ կազմակերպվում են ողջ աշխարհում: Յուրաքանչյուր տարի աշխարհի ավելի քան 70 երկրներում կես միլիոնից ավելի երիտասարդ մասնակցում է ՄԱԿ-ի մոդելներին:
Ասուլիսի վերջում Երևանի ավագ դպրոցների 11 աշակերտները ստացան պատվոգրեր և նվերներ:
Նշենք, որ Հայաստանյան պատվիրակության մասնակցությանը գլխավորապես աջակցել են Վահե և Անդրեա Քուշքերյանները և «Վինըրի Քընսալթինգ Ինդասթրիա» ՓԲԸ-ն, ինչպես նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: