ՀՀ նախագահ. Հայաստանը հավատարիմ է ֆրանկոֆոնիայի արժեքներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին:
Երկրի ղեկավարի մամլո գրասենյակի տեղեկացմամբ, Հանրապետության նախագահը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ մեր երկրի համագործակցությունը և նշել, որ Հայաստանը հավատարիմ է ֆրանկոֆոնիայի արժեքներին, շահագրգիռ է դրանց տարածմամբ և պատրաստ է տարբեր ուղղություններով խորացնել համագործակցությունը:
«Հայերը դարերի ընթացքում սերտ կապեր են ունեցել Ֆրանսիայի և ֆրանսիական մշակույթի հետ: Այնքան սերտ, որ որոշ դեպքերում նույնիսկ դժվար է տարբերակել, թե որ մշակույթին են պատկանում այնպիսի անուններ, ինչպիսիք են` Շառլ Ազնավուրը, Միշել Լեգրանը, Անրի Վերնոյը, Ալեն Թերզյանը, Գառզուն, Ժանսեմը: Նրանք, իհարկե, ֆրանսիական մշակույթի վառ ներկայացուցիչներ են, բայց մեր հայրենակիցներին մենք համարում ենք նաև հայկական մշակույթի բաղկացուցիչ մաս»,-ընդգծել է երկրի ղեկավարը, և հավելել. «Անհատների դերը, անշուշտ, շատ կարևոր է, սակայն հարաբերությունների ամրապնդման գործում չափազանց մեծ դերակատարություն ունեն նաև Ֆրանսիայի ու ֆրանսալեզու երկրների հայկական համայնքները»:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ Հայաստանի հետ կազմակերպության հարաբերությունները 2008թ. ասոցացված անդամի կարգավիճակով անդամակցությունից ի վեր նշանակալի զարգացում են ապրել:
Նա բարձր է գնահատել ֆրանսերենի տարածումը խթանելու ուղղությամբ գործադրվող ջանքերը և գոհունակությամբ նշել, որ Հայաստանում արդեն ավանդույթ է դարձել ֆրանկոֆոնիայի օրերի անցկացումը, և 2009թվականին կազմակերպվել են ֆրանկոֆոնիային նվիրված ամենաշատ միջոցառումները:
Հանրապետության Նախագահը և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հետագա հնարավորությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները