Մարդու օրգանների վաճառքով զբաղվող հրեական մաֆիան համագործակցում է Բաքվի հետ
Իսրայելի ոստիկանության կողմից իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում ձերբակալվել են Իսրայելում արդեն մի քանի տարի մարդու օրգանների առեւտրով զբաղվող մաֆիայի անդամները: Այս մասին աղմկոտ հայտարարություն է տարածել Իսրայելի ոստիկանությունը, գրում է մուսավաթ.քոմը: Ավազակախումբը խաբված մարդկանց երիկամները վաճառել է Ադրբեջանի հիվանդանոցներին:
Ըստ «Ենի մուսավաթ»-ի, Իսրայելի zman.com, mignews.com, newsru.com.il եւ այլ ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկատվությունների համաձայն, ինչ-որ գեներալի գլխավորությամբ գործող խմբի անդամները վերջին մի քանի տարիներին երկրի ամբողջ տարածքում փնտրել են լուրջ ֆինանսական խնդիրներ ունեցող մարդկանց եւ համոզել օրգանները վաճառելու նպատակով վիրահատվել Բաքվի հիվանդանոցներում: Հանցագործները թերթերում հայտարարություններ են տեղադրել` երիկամները վաճառել ցանկացողներին խոստանալով 100 հազար դոլար: Սակայն վիրահատությունից հետո խաբված դոնորները առավելագույնը 10 հազար դոլար են ստացել, իսկ շատ դեպքերում էլ` ոչինչ:
Իսրայելի ոստիկանությունը պարզել է, որ դոնորների երիկամները հանելու համար մաֆիան նրանց ուղարկել է Ադրբեջան, Էկվադոր եւ Ֆիլիպիններ` յուրաքանչյուր երիկամից ստանալով 120 հազար դոլար: Ոստիկանությունը ձերբակալել է մաֆիայի 6 անդամների: Նրանց մեջ են խմբի ղեկավար, 62-ամյա թոշակառու գեներալ Մեիր Զամիրը, փաստաբաններ 34-ամյա Նեթանել Մույալը եւ 77-ամյա Իլիյահ Ռաֆաելը, Կոբի Գլոբը, Շլոմի Բիտոնը եւ Ռամիլե Յաֆի Շուքրունը: Նրանք ձերբակալվել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն միջազգային օդանավակայանում, ուր գնացել էին` դոնորին Բաքու ուղեկցելու:
Թերթը լուրջ աղմուկ է համարում մաֆիայի` Ադրբեջանի հետ ունեցած կապերը եւ հույս հայտնում, որ Իսրայելի ոստիկանությունը գործի հետ կապված կդիմի Ադրբեջանի իրավապահ մարմիններին, եւ արդյունքում կհայտնաբերվեն այն բժիշկները, ովքեր համագործակցել են հրեական այդ հանցավոր խմբի հետ: