Էրդողանը խոստանում է, որ հետքայլ չի լինի
«Մենք միշտ հավատարիմ կմնանք մեր դրած ստորագրություններին: Մեր կողմից հետքայլը բացառված է, եթե արտակարգ իրավիճակ չլինի», - «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, երեկ Փարիզում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` անդրադառնալով Հայաստանի հետ ստորագրված արձանագրություններին:
Աղբյուրի համաձայն, Թայիփ Էրդողանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի դրական ավարտի հույս է հայտնել:
Թուրքիայի վարչապետը նշել է, որ բանագնաց է ուղարկել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մոտ` փոխանցելու իր կառավարության նվիրվածությունը սկսված գործընթացը արդյունավետ ավարտի հասցնելուն:
Հիշեցնենք, որ երեկ Երևանում էր Էրդողանի անձնական բանագնաց Ֆերիդուն Սինիրլիօղլուն, ով իր կառավարության ղեկավարի անունից Վաշինգտոնում հանդիպում էր հայցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից: Ավելի ուշ նախագահ Սարգսյանը համաձայնություն է տվել նման հանդիպում կազմակերպելուն:
Սերժ Սարգսյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցելու են ապրիլի 12-13-ը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտնում կայանալիք գլոբալ միջուկային անվտանգության գագաթաժողովին: Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը նախօրեին կայացած ասուլիսում հայտարարել էր, որ միջոցառման շրջանակներում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկկողմ հանդիպում է ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Թայիփ Էրդողանի հետ նման հանդիպում նախատեսված չէ: