Թիվ 18 հատուկ դպրոցը դարձյալ ուշադրության կենտրոնում. Լուծարում
Մի քանի օր առաջ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովի առաջին նիստը: Նիստին մասնակցել են մի շարք հասարակական կազմկերպություններ, որոնք զբաղվում են երեխաների իրավունքների, պաշտպանության և այլ հարցերով:
Այն, թերևս, հետաքրքիր էր նրանով, որ ուշադրություն դարձվեց մի խնդրի, որին Panorama.am-ը բազմիցս է անդրադարձել՝ հատուկ դպրոցներում անապահով ընտանիքների երեխաների հայտնվելուն: Կրթության մասին օրենքն ասում է, որ ծնողը կարող է ընտրել, թե ինչպիսի դպրոցում իր երեխան սովորի, սակայն անպայմանորեն ենթադրվում է` միջավայր, որտեղ ապահովված են երեխայի կրթության ամենաօպտիմալ պայմանները։
Ասել է, թե` հատուկ դպրոցում սովորելու փոխարեն, առողջական խնդիրներ ունեցող երեխան կարող է սովորել այնպիսի հանրակրթական դպրոցում, որտեղ ստեղծված են նրա համար հատուկ պայմաններ (ներառական կրթություն)։ Բայց ոչ` հակառակը։
Այնինչ` դեռևս անցյալ տարի կրթության նախարարությունը հայտնեց, որ, այո, հատուկ դպրոցներում սովորել և սովորում են առողջ երեխաներ։ Հիմնական պատճառը` սոցիալական անապահովությունն է։
Բաց է դեռևս հարցը, թե արդյոք հանձնաժողովները, որ թույլ են տվել առողջ երեխաներին սովորել հատուկ դպրոցներում` որևէ կերպ պատասխանատվության կկանչվե՞ն, կամ` պատրաստվում է արդյոք պետությունը որևէ կերպ փոխհատուցել այս երեխաների կրթական բացը։ Հիշեցնենք, որ կրթության մասին օրենքով, հատուկ դպրոց ավարտած երեխան որևէ կերպ իր կրթությունը շարունակելու իրավունք այլևս չունի։ Ծնողների մասով` լռենք։
Նշենք, որ պետությունը սովորական հանրակրթական դպրոցում սովորող մեկ աշակերտի համար տարեկան բյուջեից հատկացնում է շուրջ 105 հազար դրամ, իսկ հատուկ դպրոցի մեկ աշակերտին բաժին է հասնում 700 հազար դրամ:
Հատուկ (սակայն` ոչ առողջական խնդիրներ ունեցողների) մի դպրոց լուծարելու մասին որոշում է կայացվել ՀՀ ԿԳՆ-ում կայացած նիստի ժամանակ։ Որոշվել է լուծարել Նուբարաշենի հակասոցիալական վարք ունեցող թիվ 18-ը հատուկ դպրոցը, քանի որ, ինչպես նշել է Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետը Ն.Հովհաննիսյանը` «հատուկ դպրոցը չի ծառայում իր նպատակին»: Սա, իր հերթին, կարելի է հասկանալ այսպես՝ պետությունը չի ցանկանում այլևս աննպատակն գումար ծախսել:
Թեև սոցիալական հարցերի նախարարության հաղորդագրության մեջ նշված էր, որ դպրոցի լուծարման գործընթացն արդեն սկսված է, ԿԳՆ հատուկ բաժնի պետ Նուրիջան Մանուկյանը նշեց, թե դեռ լուծարման մասին հրաման չի եղել։
Ընդամենը` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով ստեղծվել է լուծարային հանձնաժողով, որը քննարկում է լուծարման հետ կապված հարցերը, մասնավորապես` աշակերտների համապատասխանությանը տվյալ հաստատությանը:
Ն.Մանուկյանից հետաքրքրվեցինք, թե ե՞րբ հանձնաժողովը կհստակեցնի իր որոշումը.
«Հավանաբար մայիսի վերջում, երբ ավարտվի ուսումնական տարին»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է դպրոցի աշակերտներին, ապա նախարարության ներկայացուցիչն ասաց, թե նրանք գտնվում են պետության խնամքի տակ, այնպես որ «հենց այնպես մի կողմ չեն շպրտվի» և որ «ամեն ինչ արվելու է այնպես, որ բխի միմիայն երեխայի կարիքներից` սոցիալական, առողջական կամ կրթական»:
Ինչ վերաբերում է դպրոցի տնօրինությունը, ապա Մանուկյանը հայտնեց.
«Այսօրվա դրությամբ ոչ մի բացասական ռեակցիա չի տվել, քանի որ հասկանում են, որ դպրոցը երեխայի համար է, իսկ եթե երեխաներ չկան` ո՞ւմ համար պետք է գործի: Սոցիալապես անապահով երեխաների տեղն ուրիշ դպրոցում է »:
Ըստ Մանուկյանի, թիվ 18 դպրոցում, որը նախատեսված է հակասոցիալական վարք դրսևորած երեխաների համար, 72 –ից հազիվ 10-11 երեխան են այդպիսին: