Սինիրլիօղլուն մեկնելու է Բաքու` Էրդողանի հատուկ նամակն Ալիևին հանձնելու
Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն Երևանում Թուրքիայի վարչապետ Էրդողանի անունից հատուկ բանագնացություն իրականացնելուց հետո ապրիլի 9-ին մեկնելու է Ադրբեջան` հանդիպելու այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) թերթի կայքը:
Հիշեցնենք, որ Սինիրլիօղլուն նախօրեին հանդիպել էր ՀՀ նախագահի և արտգործնախարարի հետ: Թուրք փոխարտգործնախարարը նախագահ Սերժ Սարգսյանին էր փոխանցել Էրդողանի նամակն ու Թուրքիայի նախագահի և արտգործնախարարի բանավոր ուղերձները:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Հունաստանի փոխարտգործնախարար Դմիտրիս Դրուչաշի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ Սինիրլիօղլուն մեկնելու է Ադրբեջան` Էրդողանի հատուկ նամակը և ուղերձը փոխանցելու նպատակով:
«Առաջիկա շաբաթներում մենք այս գործընթացը իր բնական հունով և ճիշտ ուղղությամբ ենք շարունակելու և հույս ունենք, որ կիրականացվի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը»,- ասել է Դավութօղլուն: