Դավութօղլու-Մամեդյարով հեռախոսազրույց
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Սլովենիայի արտգործնախարար Սամուել Զբոգարի հետ հանդիպելուց հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ ինքը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) թերթը:
Դավութօղլուն նշել է, որ հեռախոսազրույցի թեման եղել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները: Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է, որ ավանդույթի համաձայն, ցանակած կարևոր հանդիպումից առաջ և հետո թուրքական ու ադրբեջանական կողմերը միմյանց իրազեկում են կարևորի մասին: Այս դեպքում, օրինակ, Դավութօղլուն Մամեդյարովին ներկայացրել է Էրդողանի փարիզյան այցի և Թուրքիայի առաջին փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի երևանյան այցի մանրամասները: Դավութօղլուն նաև տեղեկացրել է, որ Սինիրլիօղլուն ապրիլի 9-ին մեկնելու է Բաքու` ադրբեջանական իշխանություններին հանձնելու Էրդողանի հատուկ նամակը և ուղերձը:
Ըստ թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) թերթի` Էրդողանի բանագնացը Ալիևին փոխանցելու է պաշտոնական Անկարայի հետևյալ ուղերձը. «Վաշինգտոնում կայանալիք Էրդողանի-Սարգսյան հանդիպումից անհանգստանալու հարկ չկա»: