«Այս տարի դիմորդների թիվը 1660-ով պակաս է նախորդ տարվա դիմորդների թվից»
Այս տարի դիմորդների նախնական ընդհանուր թիվը` ներառյալ ԼՂՀ –ի դիմորդների թիվը 17 505 է, որը նախորդ տարվա դիմորդների թվից պակաս է 1660-ով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը: Նա նշեց, որ անցած տարի դիմորդների ընդհանուր թիվը եղել է 19 165:
Գայանե Մանուկյանը հայտնեց, որ այս տարի հայոց լեզու և հայ գրականություն առարկայից դիմում-հայտ է ներկայացրել 11 186 աշակերտ, աշխարհագրությունից` 332, ընդհանուր պատմությունից` 516, կենսաբանությունից`1 754, մաթեմատիկայից`9 227, հայոց պատմությունից`3 244, քիմիայից`1 343, անգլերենից` 7 759, գերմաներենից`515, ֆրանսերենից`432, իսպաներենից`18, իտալերենից`10, պարսկերենից`1, ֆիզիկայից`4 048, իսկ ռուսաց լեզվից`1 045 աշակերտ:
Նա նշեց, որ Երևանում դիմորդների թիվը 6 136 է, իսկ ԼՂՀ-ի դիմորդների թիվը`850: Նրա խոսքով, ՀՀ մարզերից ամենաշատ դիմում-հայտ ներկայացվել է Շիրակի մարզից` 1514 և Լոռու մարզից`1419:
Նա նաև հայտնեց, որ հանրապետության դպրոցների 2009-2010 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական և միասնական քննությունների հայտագրման գործընթացում տվյալների ճշգրտման փուլը սահմանված է մինչև ապրիլի 10-ը:
Նշենք, որ հայտագրման փուլն ավարտվել է մարտի 15-ին, սակայն ԳԹԿ-ն դեռ ստանում է շրջանավարտների դիմում-հայտեր` հանրապետության տարբեր մարզերի համայնքների հանրակրթական հաստատություններից:
Ճշգրտման փուլում շրջանավարտը հաստատում կամ փոխում է իր հայտում լրացրած քննության ձևը` միասնական, թե ավարտական, ինչպես նաև հանձնվելիք քննությունների ցանկը:
Այս տարի ուսումնական տարվա ավարտին քննություններ կկազմակերպվեն «Հայոց լեզու եւ հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն), «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» առարկաներից: