Մելինե Դալուզյանը` Եվրոպայի փոխչեմպիոն
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում այսօր պայքարի մեջ մտան մինչև 69 կգ քաշային ծանրորդուհիները: Այդ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Մելինե Դալուզյանը: Հայ մարզուհին մինչև վերջերս հանդես էր գալիս 63 կգ քաշային կարգում և ժամանակին նույնիսկ բրոնզե մեդալ է նվաճել մայրցամաքային առաջնությունում:
Պոկում վարժությունում Մելինե Դալուզյանն արձանագրեց 115 կգ` արժանանալով փոքր արծաթե մեդալի: Ի դեպ, 115 կգ ծանրաձողը բարձրացրեց նաև Բելառուսի ներկայացուցիչ Շեմշատ Տուլիաևան, սակայն անձնական քաշի շնորհիվ հենց Մելինեն զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Իսկ փոքր ոսկե մեդալը նվաճած Օքսանա Սլիվենկոն (Ռուսաստան) ընդամենը երկու կիլոգրամով գերազանցեց մեր ծանրորդուհուն:
Հրում վարժությունում Մելինեն իր կամքին ենթարկեց 145 կգ ծանրաձողը: Նույնքան քաշ բարձրացրեց նաև Օքսանա Սլիվենկոն, սակայն այս անգամ անձնական քաշի ցուցանիշը Դալուզյանի օգտին չէր: Պարզվեց, որ Օքսանան ընդամենը մի քանի գրամով թեթև է հայ մարզուհուց: Եվ Մելինեն կրկին բավարարվեց փոքր արծաթե մեդալով:
Այսպիսով` Մելինե Դալուզյանը երկամարտի 260 կգ ցուցանիշով հռչակվեց աշխարհի փոխչեմպիոնուհի, իսկ չեմպիոնի կոչումը նվաճեց Օքսանա Սլիվենկոն (262 կգ):
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա