Բժշկական կենտրոն Իջևանում. Կադրերը համալրվելու են Երևանից լավագույն բժիշկների գործուղման ճանապարհով
Իջևանում քիչ առաջ տեղի ունեցավ քաղաքի բժշկական կենտրոնի բացման արարողությունը, որին ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի, առողջապահության նախարարության և մարզային իշխանությունների ներկայացուցիչները և այլն:
Լրագրողների հետ զրույցում նախարար Հարություն Քուշկյանը կարևորեց նման կենտրոնի բացումը Հայաստանի հյուսիս–արևելյան տարածաշրջանի համար` նշելով, որ կենտրոնը ստեղծվել է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսական աջակությամբ:
Նա շեշտեց, որ Իջևանում բժշկական կենտրոնի բացումը տեղի է ունեցել համաձայն ՀՀ նախագահի` «Մարզերի համաչափ զարգացման» ծրագրի:
Հ. Քուշկյանն ընդգծեց, որ կենտրոնը հագեցած է ժամանակակից կարևոր սարքավորումներով, ունենալու է հեռահաղորդակցման 24-ժամյա կապ Երևանի «Էրեբունի» և «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնների հետ, որի միջոցով Կենտրոնի բժիշկները կկարողանան քննարկել առավել կարևոր հարցերը: Նախարարը նշեց նաև, որ Կենտրոնի կադրերը համալրվելու են Երևանից լավագույն բժիշկների գործուղման ճանապարհով:
Նշենք, որ կենտրոնը ստեղծվել է 2007 թվականին` Իջանի հիվանդանոցի և Պոլիկլինիկայի նեղ մասնագիտացված դիսպանսեր ծառայությունները մեկ ՓԲԸ-ի` Իջևանի Բժշկական կենտրոնի վերածելով:
Կենտրոնի շինարարական աշխատանքներն ավարտվել են այս տարվա մարտին: Ընդհանուր ներդրումները կազմել են շուրջ 2,3 մլն դոլարին համարժեք դրամ: Կենտրոնում ներկայում աշխատում է 24 բժիշկ, 33 միջին բուժաշխատող, 6 վարչական և 18 այլ աշխատող:
Ընդհանուր առմամբ, վերանորոգվել է շուրջ 3,5 հազար քմ մակերես: Իրականացվել է բժշկական կենտրոնի վիրաբուժական և մանկաբարձական մասնաշենքների ամբողջական վերանորոգումը: Այն նախատեսված է ընդունարանի, ինտենսիվ բուժման, ախտորոշիչ բաժանմունքների և վիրասրահների համար:
Նախարար Հ. Քուշկյանը նշեց, որ կենտրոնը կկարողանա ամբողջությամբ հոգալ Տավուշի մարզի և հյուսիս-արևելյան ամբողջ տարածաշրջանի բնակչության առողջական խնդիրները:
Հարակից նորություն` Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը` Տավուշ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան