Թուրքական աղբյուրների պնդմամբ` Օբամա-Էրդողան հանդիպումը կայանալու է
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 12-13-ը Վաշինգտոնում կայանալիք Գլոբալ միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանակներում հանդիպում է ունենալու ոչ միայն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, այլ նաև Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ: Տեղեկացնում է թուրքական «Անադոլու» (Anadolu) լրատվական գործակալությունը:
Ի դեպ` թուրքական լրատվամիջոցներն այս տեղեկությունը հաղորդում են` հետևյալ վկայակոչմամբ. «ստացված տեղեկությունների համաձայն»:
Հայտնի է դարձել, որ ապրիլի 11-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ու էներգետիկայի և բնական
պաշարների նախարար Թաներ Յըլդըզը միասին մեկնելու են Վաշինգտոն:
Վաշինգտոնյան այցի շրջանակներում Թուրքիայի վարչապետը ելույթ է ունենալու Ջորջ Մասոնի համալսարանում կազմակերպվելիք «Գլոբալ խաղաղության տեսլականը որպես քաղաքակրթությունների դաշինք» խորագրով համաժողովում:
Նշվում է, որ Թուրքիայի վարչապետը հանդիպելու է նաև Ռուսաստանի, Չինաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի և Բրազիլիայի առաջնորդների հետ: Իսկ Օբամա-Էրդողան հանդիպմանը, ըստ աղբյուրի, քննարկվեկու է հայ-թուրքական արձանագրություններին և Հայոց ցեղասպանության բանաձևին առնչվող հարցեր: Նախատեսված է նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հանդիպումը: Վերջինս այնուհետև Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատանը գումարելու է Հյուսիսային Ամերիկայում պաշտոնավարող թուրք դիվանագետների ժողով:
Նկատենք, որ օրերս Սպիտակ տան մամլո խոսնակ Ռոբերտ Գիբսը հստակեցրել էր գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երկկողմ հանդիպումների շրջանակը. ըստ այդմ Վաշինգթոնում Օբամա-Էրդողան հանդիպում չի սպասվում: