Պաշտոնավարման երկու տարի. Միտումները հուսադրող են
Այսօր լրանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ տարին: Սա խորհրդանշական օր է` մի պահ կանգ առնելու, անցած ճանապարհին հայացք գցելու, արածն ու չարածն ամփոփելու և առաջընթացի ուղիները հստակեցնելու առումով:
Ուղիղ երկու տարի առաջ ապրիլի 9-ին կայացավ Հայաստանի երրորդ նախագահի երդմնակալության արարողությունը: Այդ պահից ի վեր հանրապետության նոր ղեկավարը ստանձնեց երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու պատասխանատվությունը: Գույները շատ չխտացնելու համար ընդամենը ֆիքսենք, որ ոչ ոք` ոչ Հայաստանում և անգամ ԱՊՀ երկրներից որևէ մեկում, նման բարդ իրավիճակում երբևէ չէր ստանձնել երկիրը կառավարելու գործը: Իրավիճակին տրված «բարդ» որակումը տվյալ դեպքում ամենևին էլ չափազացնություն չէ. ղարաբաղյան չկարգավորված հիմնախնդիր, գոցված սահմաններ, աշխարհաքաղաքական լարված մթնոլորտ արտերկրի հետ կապող երկու երկրներում էլ` Վրաստան, Իրան, գումարած` հետընտրական սրացումներով ու մարտիմեկյան ողբերգությամբ պայմանավորված ներքին երկփեղկվածություն ու լարվածություն, համաշխարհային սոցիալ-տնտեսական ահագնացող ճգնաժամ: Հասկանալի է, որ այս և մի շարք այլ գործոնների միաժամանակյա ազդեցությունն իրավիճակն, իսկապես, բարդացնում էին ու մատուցում մարտահրավերների մի այնպիսի փունջ, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ պայմաններից մեկը ղեկավարի մոտ համապատասխան կամքի առկայությունը կարող էր լինել:
Նկարագրված ժամանակներից այսօր արդեն անցել է ուղիղ երկու տարի: Այսօր արդեն կարելի է արձանագրել. թեև խնդիրները մեծ մասամբ լուծումներ դեռ չեն գտել (իրականում, դրանցից մեծ մասի դեպքում լուծումները միայն Հայաստանում կայացվող որոշումներից չեն կախված), սակայն միտումները լավատեսության հույս են ներշնչում, իսկ իրավիճակը` համեմատած 2008 թվականի հետ, անգամ ամենահոռետեսների գնահատմամբ, արմատապես փոխվել է:
Վերջնական գնահատականներն ու խորը համեմատություններն այսօր դեռ շուտ են: Լավագույն դեպքում նման վերլուծություն կարելի է անել նախագահի պաշտոնավարման ցիկլի ավարտին` 2013-ին, երբ կարելի կլինի համալիր ամփոփմամբ անդրադառնալ անցած 5 տարիների գործունեությունը: Այսօր միակ մոտեցումը կարող է լինել առկա միտումների արձանագրումն ու արդեն իսկ եղած արդյունքների «գույքագրումը»:
Առաջին հայացքից նախագահ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում առավել ցայտունը արտաքին ճակատում եղած անհերքելի ակտիվությունն է: Այստեղ թվերն առավել քան խոսուն են: Երկու տարիների ընթացքում նախագահը կատարել է 2 պետական (Քուվեյթ, Հունգարիա), 7 պաշտոնական (Ռուսաստան, Վրաստան, Բուլղարիա, Իրան, Խորվաթիա, Սիրիա, Ֆրանսիա) և շուրջ երկու տասնյակ աշխատանքային այց:
Աշխատանքային այցերի ընթացքում` բացի երկկողմ ձևաչափով տարբեր երկրների ղեկավարների հետ ունեցած հանդիպումներից ու քննարկումներից, նախագահ Սարգսյանը մասնակցել է մի շարք բազմակողմ հանդիպումների և պատմական իրադարձություն համարվող գագաթաժողովների: Վերջիններիս թվում` բացի ԱՊՀ և ՀԱՊԿ բազմաթիվ գագաթաժողովներից, կարելի է առանձնացնել ՆԱՏՕ-ի անդամ և Դաշինքի հետ համագործակցող երկրների ղեկավարների գագաթաժողովը (2008թ. ապրիլ, Բուխարեստ), Գազային գագաթաժողովը (2009թ. հունվար, Մոսկվա), Միջազգային տնտեսական ֆորումը (2009թ. հունվար, Դավոս), Միջազգային անվտանգության ֆորում (2009թ. փետրվար, Մյունխեն), ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի գագաթաժողով (2009թ. Պրահա): Այս ցանկին մոտ օրերս ավելացվելու է նաև Վաշինգտոնում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթաժողովը, որի շրջանակներում նախատեսված է նախագահ Սարգսյանի երկկողմ հանդիպումն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:
Բնականաբար, արտաքին քաղաքական գործընթացներում առանցքային են եղել օրակարգային երկու խնդիրների` ղարաբաղյան հակամարտության և Թուրքիայի հետ հարաբերությունների գործընթացները:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հաշտեցման գործընթացին, ապա ավելորդ է հիշեցնել, որ ներկայումս ընթացքի մեջ գտնվող և միջազգային հանրության, ամենածանրակշիռ երկրների քաղաքական օրակարգում ընդգրկված այդ գործընթացը նախաձեռնել է հենց Հայաստանի երրորդ նախագահը: Այս թեմայով հայաստանյան մամուլում անընդհատ առկա քննարկումների ֆոնին անտեղին ենք համարում հավելյալ մեկնաբանություներ տալ: Միակ բանը, որ կարելի է արձանագրել այստեղ և հիմա, հետևյալն է. հայ-թուրքական հաշտեցման գործընթացի նախաձեռնությամբ (և հիմնականում` այդ նախաձեռնության հիմքում ընկած արժեքների արձանագրմամբ) Սերժ Սարգսյանն, ըստ էության, առաջին անգամ առիթ ստեղծեց միջազգային հանրությանը, միջազգային գործերում Հայաստանի ընդգրկուն ներգրավման համար:
Ղարաբաղյան կարգավորումը, որ նորանկախ Հայաստանի արտաքին օրակարգում օբյեկտիվորեն կենտրոնական նշանակություն է ունեցել և թվում էր, թե լրացուցիչ ակտիվացումն այլևս անհնար է, նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարումից հետո էլ ավելի ինտենսիվ բնույթ ստացավ: Անցած երկու տարում այս հարցով ադրբեջանցի գործընկերոջ հետ նախագահ Սարգսյանը 9-ը հանդիպում է ունեցել (2008-ին` Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում, 2009-ին` Ցյուրիխում, Պրահայում, Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Քիշնևում և Մյունխենում, 2010-ին` Սոչիում): Ըստ որում` դրանից չորսի դեպքում զուգահեռաբար տեղի են ունեցել եռակողմ ձևաչափով քննարկումներ` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ, որոնցից առաջինի ժամանակ ստորագրվել է հայտնի Մայնդորֆյան հռչակագիրը:
Առանց մանրամսնելու նշված երկու գործընթացների շուրջ ծավալված քննարկումների ու շահարկումների մանրամասների մեջ` ֆիքսենք միայն, որ առկա ակտիվությունից Հայաստանի շահերը չեն տուժել, ավելին` բազմաթիվ առիթներ են ստեղծվել հայկական կողմի դիրքորոշումը կրկնելու և այդ դիրքերից չզիջելու մոտեցումը հստակ իրացնելու համար:
Նախագահ Սերժ Սարգսյանի արտերկրյա ուղևորությունները միայն վերը նշվածով չեն սահմանափակվում: Ըստ էության, առաջին անգամ նորանկախ Հայաստանի պատմության մեջ երկրի ղեկավարն աշխատանքային այցերով ուղևորվել է արտերկիր` ոչ թե տվյալ երկրի իշխանությունների հետ շփումների նպատակով, այլ` հայրենակիցների, սփյուռաքահայությանը հանդիպելու և Հայաստանի ու հայության առջև ծառացած խնդիրների լուծմանն աշխարհասփյուռ հայությանը ներգրավելու առաքելությամբ: Բազմաթիվ նման այցելությունների շարքում իր ծավալով, հանդիպումներով ու այդ հանդիպման մասնակիցների քանակով առանձնանում է նախագահ Սարգսյանի Համահայկական ուղևորությունը: Թեև սա նախաձեռնված էր հայ-թուրքական արձանագրությունների շուրջ խորհրդակցությունների համատեքստում, սակայն չի կարելի այդ իրադարձության նշանակությունը սահմանափակել բացառապես այդ մեկ հարցի շրջանակներում: Համահայկական ուղևորությունը գործնականում «հայությանը հայկական խնդիրների լուծմանը ներգրավելու» բազմիցս հնչեցված մոտեցումը կյանքի կոչելու առաջին քայլն էր և լավ ավանդույթի սկիզբ:
Այս առումով մյուս կարևորագույն նորամուծությունը Հայաստանի գործադիր իշխանության կազմում Սփյուռքի հետ առնչվող գործունեությունը համակարգելու և դրանով զբաղվող գերատեսչությանը նախարարության կարգավիճակ տալու որոշումն էր:
Գալով նորամուծություններին` հարկ ենք համարում հակիրճ անդրադառնալ ներքին կյանքում ներդրված նոր գործիքներին, որոնք այս ընթացքում կիրառվել և կշարունակվեն կիրառվել` հետզհետե արդյունավետ դարձնելով մարտահրավերիներին դիմագրավելու համակարգի ունակությունները: Հանրային խորհուրդ, կարևորագույն խնդիրների շուրջ կուսակցությունների ղեկավարների հետ քննարկում, ուղերձ Ազգային ժողովում: Ահա այն հարթակներն ու ձևաչափերը, որոնք` որպես ինստիտուտներ, թեև նախատեսված չեն մայր օրենքով` Սահմանադրությամբ, սակայն լայն հնարավորություն են տալիս ծավալել քաղաքական երկխոսությունը:
Բնականաբար, ներքաղաքական պրոցեսների դանդաղկոտությունն ու հատկապես արտաքին քաղաքականության հետ համեմատած դինամիկայի զգալի պակասը թույլ չեն տալիս երկու տարվա կտրվածքով ամփոփումներ անել նաև այդ ոլորտում: Սակայն կարելի է վստահ լինել, որ վերը նշված նորամուծությունների հետագա կիրառումը, ինչպես նաև տարբեր մակարդակներում նմանօրինակ հարթակների ձևավորումը, որի անհրաժեշտության մասին նախագահ Սարգսյանն, ըստ էության, խոսեց ՀՀԿ վերջին համագումարում, հնարավորություն կտան լրացնել երկխոսության առումով ներքին կյանքում եղած դեֆիցիտը:
Անցնող երկու տարվա անդրադարձ կատարելիս` անհնար է չխոսել սոցիալ-տնտեսական բնույթի մարտահրավերների մասին: Ճիշտ է` խնդրի բարդությունը պահանջում է հնարավորին ընդգրկուն և խորը վերլուծություն կատարել, սակայն դա կարելի է անել մեկ այլ առիթով: Այսօր ընդամենը ցանկանում ենք շատ հակիրճ արձանագրել. համաշխարհային աննախադեպ տնտեսական անկման պայմաններում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը գլխավոր խնդիր սահմանեց ճգնաժամի հետևանքով կորուստների չափը մինիմիզացիան և ճգնաժամի ազդեցությունը սոցիալապես անապահով խավի վրա հնարավորինս չեզոքացումը: Այսօր դեռ վաղ է վերջնական գնահատականներ տալ, սակայն (չնայած իրավիճակի ոչ լիարժեք գոհացուցիչ լինելուն) տարվա սկզբից գրանցված մակրոտնտեսական դրական ցուցանիշները հնարավորություն են տալիս կանխատեսել, որ նախագահի գլխավորությամբ երկրի իշխանություններին հաջողվել է լուծել այդ խնդիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում