ՀՀ ԿԳՆ հայտարարում է մրցույթ
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ 2010-2011 ուսումնական տարում Սիրիայի Արաբական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական և ասպիրանտական (8 կրթաթոշակ) կրթություն ստանալու համար, ինչպես նաև 30 կրթաթոշակ` արաբերեն լեզվի 10-ամսյա վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար:
Մագիստրոսական և ասպիրանտական մրցույթին կարող են մասնակցել արաբերեն լեզվին տիրապետող և համապատասխանաբար բակալավրի կամ մագիստրոսի կրթական աստիճան ունեցող կամ ավարտական կուրսերում սովորող ՀՀ քաղաքացիները:
Լեզվի վերապատրաստման դասընթացների համար անցկացվող մրցույթին կարող են դիմել արաբերեն լեզվին տիրապետող ՀՀ բուհերի ուսանողները:
Դիմորդները պետք է ներկայացնեն. դիմում` մրցույթին մասնակցելու համար, որում պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը, դիմում-հարցաթերթիկ, ավարտական դիպլոմի և միջուկի, իսկ ավարտական կուրսերի ուսանողներն առաջադիմության թերթիկի (ակադեմիական տեղեկանքի) պատճենները` նոտարի կողմից անգլերեն կամ արաբերեն թարգմանված և ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից վավերացված, անձնագրի պատճենը, բժշկի տեղեկանք` արտերկիր գործուղվողների համար, 3x4 չափսի 5 գունավոր լուսանկար, արական սեռի անձինք` զինգրքույկի պատճենը կամ դրան փոխարինող ժամանակավոր կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Ասպիրանտական կրթության համար դիմորդները պետք է ներկայացնեն նաև.
ռեֆերատ հայերեն լեզվով, ստուգարքային թերթիկ` համակարգչից օգտվելու հմտության վերաբերյալ, օտար լեզվի իմացությունը փաստող վկայական` ՀՀ կրթության և գիտության նախարարի 28.11.2007թ. N1162-Ա/Ք հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան:
Ասպիրանտական կրթաթոշակի համար հավակնող դիմորդները պետք է հանձնեն մասնագիտական քննություն` ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից 2006թ. սեպտեմբերի 15-ի N 740-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության կարգի» համաձայն և անցնեն հարցազրույցի փուլ:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել մայիսի 5-ը (ներառյալ) ՀՀ կրթության և գիտության նախարարության միջազգային համագործակցության և սփյուռքի վարչություն :
Մրցույթը տեղի կունենա ս.թ. մայիսի 7-ից 14-ն ընկած ժամանակահատվածում:
Այս մասին տեղեկացանք ԿԳՆ պաշտոնական կայքից: