Ռուբեն Ալեքսանյանը` Եվրոպայի փոխչեմպիոն
Հայ ծանրորդ Ռուբեն Ալեքսանյանը Բելառուսում կայացած Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում նվաճեց փոխչեմպիոնի կոչումը: Հայ 20-ամյա դյուցազունը մայրցամաքային մրցաշարում պարզապես գերազանց գործեց: Վերջնագծում շատ քիչ բան չբավարարեց նրան` հռչակվելու 105+ կգ քաշային կարգի չեմպիոն:
Հրում վարժությունում Ռուբեն Ալեքսանյանը բարձրացրեց 195 կգ: Սակայն նրա հիմնական մրցակիցը` Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի Չիգիշյովը, 10 կգ-ով առաջ անցավ` իր կամքին ենթարկելով 205 կիլոգրամանոց ծանրաձողը: Օլիմպիական գործող չեմպիոնը` գերմանացի Մաթիաս Շտայները, այս վարժությունում երրորդն էր` 190 կգ արդյունքով:
Հրում վարժությունում Ռուբեն Ալեքսանյանը մրցակցությունից դուրս էր: Ի դեպ, առաջինը մրցահարթակում հայտնվեց չեմպիոնի կոչման հավակնորդ Եվգենի Չիգիշյովը և բարձրացրեց պատվիրած քաշը` 235 կգ: Ռուբենը երկու կիլոգրամով ծանր քաշ պատվիրեց ու հաղթահարեց այն: Չիգիշյովն ստիպված պատվիրեց 240 կգ, սակայն հաջողության չհասավ: Ավելին` ստացած վնասվածքը նրան ստիպեց հրաժարվել երրորդ մոտեցումից: Ռուբեն Ալեքսանյանը միանգամից 246 կգ պատվիրեց` նպատակ ունենալով շրջանցել Չիգիշյովին ու նվաճել չեմպիոնի կոչումը: Թվում էր` հայ ծանրորդը կհաղթահարի այդ քաշը, սակայն, ցավոք, երկու մոտեցման ժամանակ էլ վերջին պահին ինչ-որ բան խանգարեց նրան` ծանրաձողը գլխավերևում պահելու համար: Այդուհանդերձ, նա արժանացավ վարժության փոքր ոսկե մեդալին:
Ի վերջո, չեմպիոն դարձավ Չիգիշյովը` երկամարտի 440 կգ արդյունքով: Ռուբեն Ալեքսանյանը 432 կգ ցուցանիշով տիրացավ խաղարկվող արծաթե մեդալին: Օլիմպիական չեմպիոն Մաթիաս Շտայները երրորդն էր (190+236=426 կգ):
Ավելացնենք, որ մինչև 105 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Բաբայանը 5-րդն էր: Ընդ որում` Հայաստանի հավաքականի կազմում նա միակ մարզիկն է, ով մեդալ չի վաստակել:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին